Նորություններ

«Մեր ռազմական հաջողություններից հետո Ալիևը փոխեց իր տոնայնությունը». Արման Նավասարդյան

«Մեր դեմ հայտարարված է պատերազմ, որը դուրս է գալիս միջազգային օրենքների և նորմերի սահմաններից: Նրանք մեր խաղաղ բնակչության դեմ օգտագործում են զենք, ռմբակոծել են մեր Սրբ. Ղազանչեցոնց եկեղեցին, և դա չի մտնում որևէ ռազմական գործողությունների պլանների մեջ: Մենք որպես առաջին քրիստոնյա ազգ ենթարկվել ենք նման բռնարարքների՝ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, որին այսօր մասնակցում են նաև ահաբեկիչները, և խորհրդակցությունների ժամանակ մեր դիվանագիտական ճակատը այս պնդումները պետք է ներկայացնի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացողՀայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ԱԳՆ նախարարների եռակողմ հանդիպմանը:

«Այստեղ խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղին, այստեղ խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի լիկվիդացմանը: Նպատակ է դրված պանթուրքիստական ծրագրերում Հայաստանը լիկվիդացնել որպես պետականություն, որպես ժողովուրդ. սա 1915թ. քաղաքականության շարունակությունն է»,- շարունակեց Նավասարդյանը:

«Մենք պետք է հիմա, ըստ երևույթին, աշխատենք հնարավորինս կապիտալիզացնենք մեր այսօրվա ռազմական հաջողությունները: Եթե մենք գնում ենք բանակցային գործընթացների, պետք է պարզ պատկերացնել, որ Ադրբեջանը իր կանոններն է դրել, որ մինչև մենք չդադարեցնենք պատերազմական գործողությունները, և իրենց կարծիքով մինչև այդ հողերը չազատագրեն և Արցախը չհայաթափվի, նա շարունակելու է այս ամենը:

Մեր ռազմական հաջողություններից հետո Ալիևը փոխեց իր տոնայնությունը, իսկ մինչ այդ ասում էր՝ ի՞նչ բանակցություն, մենք պետք է զենքի ուժով լուծենք այդ հարցը: Ալիևը կշարունակեր իր գործունեությունը, եթե իրենց կողմը լիներ գերակայությունը»,- ընդգծեց նա:

Նրա խոսքերով՝ ծանր պատերազմի մեջ ենք, որովհետև Թուրքիայի հետ ենք մենք կռվում.

«Պատերազմը ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ Թուրքիայի, և Ադրբեջանը անգամ որպես քաղաքական միավոր դադարել է գոյություն ունենալուց:

Իմ կարծիքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, մենք ճանաչենք և փորձենք այդ ուղղությամբ աշխատել, որպեսզի մյուս պետությունները ևս ճանաչեն:

Այդ դեպքում կփոխվի իրավիճակը, և միջազգային իրավունքի տեսակետից այլևս հնարավոր չի լինի Ղարաբաղին հարված հասցնել»:

Դեսպանի խոսքերով՝ բանակցային սեղանի շուրջ նստելուց առաջ պետք է տարածքային առավելություններ ունենանք՝ հնարավորինս շատ և հնարավորինս արագ, որպեսզի Ադրբեջանի հետ կարողանանք խոսել հաղթանակած կողմի դիրքերից:

«Բանակցությունն այն է, երբ ամեն կողմը խոսում է իր ձեռք բերած դիրքերից ելնելով:

Ես առաջարկում եմ հետևյալը՝ մենք կարող ենք խփել Ադրբեջանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթգծին, դրանով զրկում ենք Ադրբեջանին մատակարարումների ռեսուրսից, և ջրային պաշարներին, այդկերպ վնասը մեծ կլինի: Եվրոպան, Մեծ Բրիտանին կհասկանան, որ եթե չօգնեն մեզ ահաբեկիչների հետ մեր հարցերը լուծելու, մենք կհարվածենք նավթամուղին, և ձմռանը նրանք կմնան առանց վառելիքի: Սրանք դիվանագիտական հարցեր են, որի վրա պետք է աշխատել»,- եզրափակեց Արման Նավասարդյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close