Նորություններ

«Այս փուլում մեր դիվանագիտական ճակատը պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում ապահովի». Արմեն Վարդանյան

«Մոսկվայում հրավիրված հանդիպումը դեռևս չի ենթադրում շփման գծում վերջնական հրադադարի հաստատում և այս փուլում նպատակ ունի ժամանակավորապես դադարեցնելու ռազմական գործողությունները՝ ռազմադաշտից զոհվածների մարմինները հանելու և գերիների փոխանակության համար: Այս հանդիպումից այլ ակնկալիքներ բնականաբար պետք չէ սպասել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այս փուլում մեր դիվանագիտական ճակատը պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում ապահովի:

«Դա պետք է գործնական ամրագրում ունենա՝ հասնի նրան, որ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Օրինակ՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ մեզ օգնեց ամերիկյան կոնգրեսի ընդունած 907 հայտնի բանաձևը, որով արգելվում էր Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել: Սա շատ մեծ օգուտ էր մեզ: Այս օրերին կոնգրեսականները դիմել են Մայք Պոմպեոյին՝ պետքարտուղարին, որպեսզի ճնշումներ գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, բայց դրանք բավարար չեն: Կոնկրետ պատժամիջոցների, բանաձևերի տեսքով Ադրբեջանը պետք է միջազգային քաղաքականության մեջ անկյուն մղվի և ամենուրեք խնդիրներ ունենա, որովհետև արդեն իսկ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչությանը սատարող երկիր»,- հայտարարեց նա:

Քաղաքագետի խոսքերով՝ ինչքան շատ մեծ հաջողությունների հասնենք ռազմաճակատում, այնքան ավելի մեծ կլինի մեր դիվանագետների հնարավորությունները, բնականաբար, ճնշումը Ադրբեջանի վրա, և Ադրբեջանը կշարժվի մեր կանոններով.

«Մինչև այս պահը մեր դիվանագետների աշխատանքը գնահատում եմ բավարար, որոշ տեղերում հաջողվել է շատ լուրջ աշխատանք կատարել: Օրինակ՝ Իսրայելի մասով, մենք այնտեղ ունենք դեսպանատուն, բայց դեռևս չի հաջողվում գոնե այս պատերազմական ժամանակահատվածում հասնել նրան, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք մատակարարելը:

Ֆրանսիայում, օրինակ, շատ լավ արդյունքներ ունենք, որովհետև Ֆրանսիան այս պատերազմում բացահայտ մեղավոր է ճանաչել Ադրբեջանին: Ֆրանսիական քաղաքները Արցախին աջակցող և Ադրբեջանին դատապարտող բանաձևեր են ընդունում»,- նշեց քաղաքագետը:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ միջազգային արձագանքը որոշ չափով փոխել է թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը:

«Ընդհանուր առմամբ դրանց գործողությունները չեն փոխվել, նրանք շարունակում են իրենց գործողությունները, և դեռևս այս ուղղությամբ ճնշումները այդքան էլ բավարար չեն, որը նրանց կհանդարտեցներ:

Կան ճնշումներ և՛ Թուրքիայի, և ՛ Ադրբեջանի վրա, բայց այդ ճնշումները կամ այդքան էլ ուժեղ չեն, կամ թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվում է դիմակայել:

Ես կարծում եմ, որ պետք է մեծացվի դիվանագիտական ճնշումը, որովհետև քանի դեռ Ադրբեջանը պատերազմի դաշտում է, նշանակում է, որ դիվանագիտությունն այնքան էլ լավ չի աշխատում, դա կաշխատի այն դեպքում, երբ Ադրբեջանն ընդհանրապես դադարեցնի ռազմական գործողությունները»,- ընդգծեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close