Նորություններ

Գյումրի քաղաքի ավագանին եւ քաղաքապետը ուղերձով կդիմեն Գյումրու քույր քաղաքներին եւ քաղաքային խորհուրդներին

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ավագանու` հոկտեմբերի 9-ին կայացած  նիստին ներկայացրեց առաջարկ՝ ուղերձով դիմել Գյումրու քույր քաղաքների ղեկավարներին եւ քաղաքային խորհուրդներին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«…2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը, իրականացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տասնամյակից ավելի հնչեցրած սպառնալիքները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծելու է բռնի ուժով եւ պատերազմի միջոցով, անտեսելով միջազգային առաջադեմ հանրության, Արցախի/Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահների վճռական պնդումները, թե այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, եւ հորդորները, որ խնդիրը հարկավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, կիրառելով ահռելի, աննախադեպ եւ բազմազան զինուժ, ռազմական տեխնիկա, հրետանի, օդուժ, հրթիռային կայանքներ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության վրա, սկսելով տարածաշրջանում 21-րդ դարի ամենածանր պատերազմը:
Արդեն գրեթե 2 շաբաթ ձգվող այս ծանր պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի եւ հատկապես մայրաքաղաքի դեմ կիրառել են ծանր ռմբակոծություններ, հրթիռակոծություններ, օդային հարվածներ ինչպես ռազմական օդանավերից, այնպես էլ թռչող, ռմբահարող եւ ինքնասպան անօդաչու սարքերից: Ադրբեջանը թիրախավորել է այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսք են մշակույթի տները, համայնքապետարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները եւ այլն: Արդյունքում Արցախում այդ ռմբահարումների հետեւանքով զոհվել է 20 եւ վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, այդ թվում մի քանի տեղացի եւ օտարերկրացի լրագրող, մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ոչ ռազմական նշանակության ավելի քան 4800 շենք եւ շինություն:
Խաղաղ բնակչության դեմ հարվածները զուգորդվել են 100-ից ավելի երկրներում արգելված կասետային ռումբերի եւ հրթիռների կիրառմամբ: Արցախի Հանրապետությունը հայտնվել է մարդասիրական աղետի մեջ:
Ադրբեջանը այս պատերազմում ռմբահարել եւ հրթիռահարել է նաեւ Արցախի Հանրապետությանը սահմանակից Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների գյուղերն ու բնակավայրերը, որոնց արդյունքում նույնպես կա մեկ զոհ, վիրավորներ եւ ավերածություններ:
Բավարար ապացույցներ կան այն բանի, որ Ադրբեջանի այս հարձակումը կազմակերպվել է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ եւ պատերազմը մղվում է թուրքական ռազմական մասնագետների, դիվանագիտական կորպուսի եւ օդուժի խիստ ակտիվ մասնակցությամբ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Սիրիայի իշխանությունները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից հարյուրավոր ահաբեկիչ գրոհային վարձկաններ է հավաքագրել եւ ուղարկել Ադրբեջան՝ ի լրումն Ադրբեջանի զինուժի: Այդպիսով մի շարք երկրներում ռազմական եւ այլ ագրեսիվ միջամտություններով չբավարարված, անցած դարասկզբին Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այժմ էլ մեր տարածաշրջան է ներմուծել միջազգային ահաբեկչություն, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանին եւ Արցախին, այլեւ հարեւան մյուս երկրներին՝ Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաեւ Ադրբեջանում ապրող բազմազգ ժողովուրդներին երկարաժամկետ եւ ծանր ռիսկերով:
Հարգելի գործընկերներ, դիմում ենք ձեզ խնդրանքով՝ ի գիտություն ընդունել այս հաղորդումը, դատապարտել Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիան եւ էթնիկ զտման քաղաքականությունը, հանուն մեր գործընկերային հարաբերությունների եւ տեւական խաղաղության հաստատման՝ խնդրում ենք դիմել ձեր պետական իշխանություններին՝ փոխանցելով մեր մտահոգությունները, կոչ անելով՝ ներդնել բոլոր հնարավոր դիվանագիտական եւ մարդասիրական ջանքերը՝ զսպելու Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը եւ այդպիսով օգնել հնարավորինս արագ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»:
Գյումրու քույր քաղաքներն են.
Ալեքսանդրիա, ԱՄՆ
Ալեքսանդրիա, Եգիպտոս
Սալոնիկ, Հունաստան
Պլովդիվ, Բուլղարիա
Օզասկու, Բրազիլիա
Կրեթեյ, Ֆրանսիա
Մոզդոկ, Ռուսաստան, Հս Օսիա
Նարդո, Իտալիա
Աշֆիլդ, Մեծ Բրիտանիա
Քութայիս, Վրաստան
Ուլյանովսկ, Ռուսաստան
Տարտու, Էստոնիա
Պիտեշտ, Ռումինիա
Սիան, Չինաստան
Կորդովա, Արգենտինա
Բելաստոկ, Լեհաստան
Չադիր-Լունգա, Մոլդովա
Դոմոդեդովո, ՌԴ
Գլենդել, ԱՄՆ
Back to top button
Close