Նորություններ

Վիրավորների մոտ 30 տոկոսը, 24 ժամում ստանալով բուժօգնություն, վերադառնում է շարք. ՊՆ ներկայացուցիչ

«Այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերը նորից սկսել են հարձակողական գործողությունները: Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով սաստիկ հարձակում են նախաձեռնել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ռազմաճակատում պատերազմական գործողություններին։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայկական զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծերը։ «Նման փորձեր կատարել է նաև այլ ուղղություններով, սակայն այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը, որին ես անձամբ ականատես եմ եղել, Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավորապես՝ Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ։ Այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան նաև վիրավորներ։ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոնց վանքին, որի արդյունքում վանքը զգալիորեն տուժել է»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում կա քաղաքացիական անձանցից 93 վիրավոր, նրանցից 20-ը թեթև կամ միջին ծանրության վնասվածքներ են ստացել, կա 20 զոհ։
Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան հայտարարեց.
«Վերջնական թիվ չեմ կարող ասել, ես կարծում եմ, որ բժշկական համապատասխան ծառայություն իրականացնողները վիրավորների հստակ թվերը կներկայացնեն։ Ես կարող եմ մի լավ լուր ասել, որ շնորհիվ մեր բժիշկների փայլուն աշխատանքի՝ վիրավորների մոտ 30 տոկոսը, 24 ժամվա ընթացքում ստանալով բուժօգնություն, վերադառնում է շարք»։
Հովհաննիսյանի խոսքերով՝ հակառակորդը հիմա ավելի շատ կիրառում է հրետանի՝ շարունակելով իր ագրեսոր և ահաբեկչական գործողությունները. «Մեծ մասն ադրբեջանական զենքեր են, այդ թվում՝ խորհրդային արտադրության: Որոշակի տոկոսը կազմում է իսրայելական և թուրքական մասնաբաժինը»։
Back to top button
Close