Նորություններ

«Հայկական ուժը ստիպված էր մեկ մակարդակ բարձր հարվածով փորձեր ուշքի բերել թշնամուն, եթե իհարկե թշնամին ի վիճակի է ուշքի գալ»

«Գյանջայի օդանավակայանի հրթիռակոծումն անշուշտ մեր հարկադրված պատասխանն էր Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանն ուղղված շարունակվող հարվածներին, որն իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

«Եթե խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները շարունակվեն, հայկական կողմն իրեն է վերապահելու համարժեք հարվածները շարունակելու և հակառակորդի ռազմական ենթակառուցվածքների ողնաշարը կոտրելու գործողությունները»:

Քաղաքագետի խոսքերով՝ անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքի համար էլ պարզ է, որ հարվածը եղել է բավական ուժգին և խոշոր ռազմական ենթակառուցվածքի, որը պետք է որ հակառակորդին ստիպի խորհել իր հետագա գործողությունների նպատակահարմարության մասին. «Քանի որ ադրբեջանցիները որևէ կերպ չեն գիտակցում ռազմական արկածախնդրության պարզ հեռանկարության հանգամանքը, ապա հայկական զինուժը ստիպված էր մեկ մակարդակ բարձր հարվածով փորձեր ուշքի բերել թշնամուն, եթե իհարկե թշնամին ի վիճակի է ուշքի գալ»,-հայտարարեց Բադալյանը:

Հակոբ Բադալյանը, անդրադառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմին միջազգային գերտերությունների արձագանքին, հայտարարեց.

«Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող պատերազմում այստեղ ոչ թե Թուրքիայի միջամտությունը պետք է տեսնել, այլ հենց Թուրքիային պետք է տեսնել, որովհետև չլիներ Թուրքիան, Ադրբեջանը ոչ միայն պարզել էր կապիտուլյացիայի դրոշը, այլ պարզապես չէր էլ համարձակվի որևէ կերպ ծավալել այսպիսի մասշտաբի ռազմական գործողություն, այսինքն՝ սա Թուրքիայի արկածախնդրությունն է՝ ահաբեկչական խմբավորումների և Ադրբեջանի միջոցով: Այս իմաստով՝ մենք գործ ունենք այդպիսի նախաձեռնության և ոչ թե պարզապես միջամտության հետ:

Միջազգային հանրության արձագանքը, ես կարծում եմ, քաղաքական իմաստով եղել է բավականին համարժեք, այսինքն՝ արձանագրվել է Թուրքիայի դեստրուկտիվ, վտանգավոր և անթույլատրելի ներգրավվածության հանգամանքը: Իրական քաղաքականության ռեժիմում ինչպիսին են ագրեսիան զսպելու քայլերը, այո, մենք այս առումով շատ բան կարող ենք և չնկատել, պետք է արձանագրել, որ այդ քայլերը դեռևս անարդյունավետ են, բայց այստեղ պետք է արձանագրել գլխավորը, որ Թուրքիայի զսպման ամենաարդյունավետ և գործնական քայլեր իրականացնում է հայկական բանակը՝ ապահովելով Արցախի և Հայաստանի անվտանգությունը, իրականացնելով հակաահաբեկչական գործողություններ հարկադրված պատերազմում, թշնամուն պարտադրելով խաղաղություն»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close