Նորություններ

«Սա կենաց-մահու կռիվ է. իսկ պատմությունը ցույց է տվել, որ մենք հենց կենաց-մահու կռիվներում ենք միայն հաղթել». Մ. Հայրապետյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

Պարոն Հայրապետյան, Գյանջայի ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը ի՞նչ գլոբալ հարց լուծեց, կարելի՞ է ասել, որ պատերազմն արդեն տեղափոխվեց այլ փուլ:

-Գանձակի ընդամենը ռազմական օդանավակայանը՝ զինամթերքի ամբարման ու բաշխման կենտրոնատեղին է շարքից հանվել, որտեղից ադրբեջանական և թուրքական օդուժը նաև հարձակումներ էր գործում. արցախյան կողմն ադրբեջանական քաղաքացիական օբյեկտներ չի թիրախավորել: Ռազմական առումով անգնահատելի է փաստը, բայց պետք է սպասել, որ հակառակորդը կփորձի համարժեք պատասխաններ տալ: Պատերազմը տեղափոխվեց այլ փուլ, բայց միևնույն է՝ երբևէ տեղափոխվելու էր:

-Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի համարժեք պատասխանը:  

Միքայել Հայրապետյան

-Առանց վերապահության վստահում եմ հայկական կողմի ռազմական ղեկավարության հմտությանը, ինչը փայլուն կերպով ապացուցվել է այս մեկ շաբաթվա ընթացքում, և ինձ իրավունք չեմ վերապահի ռազմական ոլորտից տեսակետ հայտնել. պատերազմի ժամանակ ես ընդամենը զինվոր-սպա եմ՝ պատրաստ առանց քննարկման կատարելու զինվորական հրամանները:

-Ո՞րն է պատճառը, որ գերտերությունների կողմից Թուրքիայի միջամտությանը կոշտ պատասխան չի տրվել, հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերակատարումը:

-Խոշոր տերությունների կողմից թշնամու հրեշավորությանը որևէ կոշտ պատասխան ակնկալել պետք չէ, չի՛ լինելու. նրանք կհայտնվեն միայն ռազմավարը կիսելու ժամանակ: Թույլերին չեն սիրում, նրանց միայն խղճում են, իսկ խիղճը քաղաքական կատեգորիա չէ, այն էլ՝ միջազգային քաղաքական: Այդպիսի մի ակնկալություն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեզ ցեղասպանություն արժեցավ: Հիմա մեր տարածաշրջանում բախվել են մի կողմից թուրքական և ռուսական վերաբաժանման նկրտումները, որ մասն են մերձավորարևելյան ընդհանուր վերաքարտեզագրման, մյուս կողմից՝ այս պատերազմը փոքրիկ մի մասն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետսառըպատերազմյան գեոստրատեգիական դիմակայության: Դա մենք տեսնում ենք Կուբայից մինչև Ուկրաինա ու Բելառուս: Օբյեկտիվորեն ստացվել է այնպես, որ մենք ևս դարձել ենք այդ դիմակայության օբյեկտներից:

Անշուշտ, մենք պարտավոր ենք հաշվարկել մեր տարածաշրջանում շահեր հետապնդող կենտրոնների նկրտումներն ու հնարավորությունները և անվրեպ դիրքավորվել, բայց և՝ ինքնուրույն պետականությունը պահպանելու և որպես պետական ազգ տարածաշրջանում առարկայորեն լինելու առաջին հույսը մե՛նք պետք է լինենք՝ մեր հոգևոր-ոգեղեն ու զինական-կամային ուժը: Երիցս ճիշտ էր Արցախի նախագահը՝ սա կենաց-մահու կռիվ է. իսկ պատմությունը ցույց է տվել, որ մենք հենց կենաց-մահու կռիվներում ենք միայն հաղթել: Համազգային ուժերի գերլարում ու գերպրկում է պետք, ինչը, փառք Աստծո, շռայլորեն կա:

                                                                                                            Անահիտ  Չալիկյան

Back to top button
Close