Նորություններ

Էդմոն Մարուքյանը հանդիպել է դեսպաններին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր նախաձեռնությամբ հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթի (դեսպանին փոխարինող), Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Հանդիպումների ընթացքում Մարուքյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի, Թուրքիայի դերակատարման և Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը։

Մարուքյանի կողմից հատկապես շեշտադրվել է, որ Արցախի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, իսկ սանձազերծված ագրեսիան պետք է օր առաջ դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:

Դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում: ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը և ձեռնարկվող ջանքերը իրադրության վերաբերյալ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Back to top button
Close