Նորություններ

Արսեն Թորոսյանը շարունակում է այցելել վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպություններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ և Սիսիանի բժշկական կենտրոն` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բժշկական օգնության կազմակերպման հարցերին տեղում ծանոթանալու, խնդիրները պարզելու և լուծելու:

Նախարարը նաև զրուցել է վիրավոր զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն և շեշտել, որ հաղթելու ենք:

Միաժամանակ, հստակեցվել են վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպությունների կարիքները, հատկապես` բժշկական սարքերի հագեցվածության առումով: Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ տեղում լուծվել են այդ հարցերը, և անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին:

Վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք:

Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ  իրականացվում է վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ:

Արսեն Թորոսյանը նախ այցելել է վիրավորներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Այնուհետև հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել  մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը:

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով,  բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով:

Առողջապահության նախարարի հաջորդ հանգրվանն Արցախն է:

Back to top button
Close