ՆորություններՏնտեսական

«Թուրքական ապրանքներից հենց Հայաստանում արտադրելը դժվար չէ. հասարակության դժգոհությունը տեղին է»

«Երևան Սիթի» և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցերը հանդես եկան հայտարարություններով, որ դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը. վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները»:

«ՍԱՍ»-ի հայտարարության մեջ նշված է. «Ո՛չ թուրքականին»:

«Երեւան Սիթին» հայտնում է. «Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին եւ օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության եւ հավաքական լինելու մեջ է: Աստված պահապան Հայ ժողովրդին»:

2019 թվականին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 268,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում:

Թուրքական արտադրությամբ ապրանքների ներկրման ծավալների կրճատման վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի հետ:

Արտահանողների միության նախագահն ասում է, որ թուրքական ապրանքները միջին որակ ունեն և մատչելի են, և դա է պատճառը, որ լայն սպառում ունեն:

«Թուրքական ապրանքներից հենց Հայաստանում արտադրելը դժվար չէ, մենք այստեղ Հայաստանում կարող ենք այդ ապրանքների անալոգը ունենալ: Այսօր թուրքական ապրանքից օգտվում է Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը: Այսինքն՝ թուրքական մեկ արտադրող կարողանում է իր արտադրանքը հսկայական շուկաների վրա իրացնել։ Խնդիրն այն է, որ արդյո՞ք հայ արտադրողը վաղը-մյուս օրը ներդրում անի և իր ներդրման չափով կկարողանա վաճառել, մեր շուկան շատ-շատ փոքր է, մեզ սպառման շուկա է պետք»,- նշեց Րաֆֆի Մխչյանը:

Անդրադառնալով հասարակության դժգոհությանը՝ հայտարարեց.

«Հասարակության դժգոհությունը տեղին է, որովհետև մենք գնելով թուրքական ապրանքները՝ փաստորեն օժանդակում ենք իրենց երկրի բյուջեի մուտքերին:

Խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են այդ առևտրով, նրանց պետք է այլընտրանքի հնարավորություն տալ:

Լավ, այսօր ասում ենք՝ մի գնեք թուրքական ապրանք, թուրքերին օգուտ մի տվեք, բայց այդ մարդկանց ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն: Ավելի ճիշտ կլիներ, որ պետությունը խրախուսեր և ներդրումներ կատարեր: Ինչ ապրանքներ որ բերվում է Թուրքիայից, դրա հայկականը արտադրվեր, և մարդկանց աշխատանքի տեղավորեին այդ արտադրամասերում, և սա կլիներ հարցի իդեալական լուծում:

Ուղղակի տարիներ շարունակ հայկական ֆիրմաները ներկայացուցչություն ունեն Ստամբուլում. իրենք ընդունում են ապրանքներ, ուղարկում են Հայաստան, և դա ամբողջական շղթա է, որը կառուցվել է վաղուց, և այսօր միանգամից դրա ալտերնատիվը կառուցելը հնարավոր չէ»,- հայտարարեց Մխչյանը:

Արտահանողների միության նախագահն ընդգծում է, որ կողմ չէ, որ թուրքական ապրանքներից հրաժարվելը լինի միանգամից, ուրիշ հարց, եթե պետությունը ծրագրեր մշակի այլընտրանքի համար:

Նրա խոսքերով՝ թուրքական ապրանքներից հրաժարվելը ազդեցություն կթողնի այն մարդկանց վրա, ովքեր այդ առևտրով օրվա հացի խնդիր են լուծում:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close