Նորություններ

Ջալալ Հարությունյանի քայլերը տեսնելով` հասկացանք, որ անելիք չունենք. Սեյրան Օհանյան

Արցախի բոլոր նախագահներն ու պաշտպանության նախարարներն Արցախում են։ Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել այնտեղի իրավիճակից։

Արցախի պաշտպանության բանակի ղեկավարը` Ջալալ Հարությունյանը, հմուտ քայլեր է իրականացնում կանխարգելելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն այս պահին գտնվում է Արցախում։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր Արցախում են բոլոր նախկին նախագահներն ու պաշտպանության նախարարները։ Մենք այսօր այցելեցինք նախարարություն և ծանոթանալով արվող աշխատանքներին` համոզվեցինք, որ ոչինչ չունենք անելու Ջալալ Հարությունյանի ղեկավարման ներքո գտնվող կետում»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` նախկին նախարարներն այժմ աջակցում են Արցախի ժողովրդին, քանի որ Արցախի հրամանատարն այնպես է գործում, որ իրենք այդ շրջանակներում ոչինչ չունեն անելու։

Օհանյանը հայտնեց նաև, որ հանդոպել են Արայիկ Հարությունյանի հետ, ծանոթացել գործողությունների պլանին և իրավիճակին ամբողջովին տիրապետում են։

Նա նշեց`ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես են առաջնագծում գտնվողներն իրենց հմտությամբ փայլում, ինչպես են քանակական առավելություն ունեցող հակառակորդին ստիպում նահանջել, ինչպես են մեկ ժամվա գործողություններով և մեկ հոգով 7-8 հակառակորդի տեխնիկա խոցում։ Օհանյանը ընդգծնեց, որ այժմ կողք կողքի կռվում են պապ, տղա, թոռ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Back to top button
Close