Նորություններ

«Ռուսաստանի համար ձեռնտու է, որ հակամարտող երկու կողմն էլ դիմեն իրեն, իրենից կախվածության մեջ լինեն, և ինքն էլ դասատուի նման երկուսի վրա մատ թափ տա». Ա. Հովհաննիսյան

«Ռուսաստանն ուղղակի չի ուզում մտնել կոնֆլիկտի մեջ և կատարել իր դաշնակցային պարտավորությունները: Քանի դեռ պատերազմական գործողությունները չեն անցել Ռուսաստանի կողմից ճանաչված ՀՀ տարածք, ապա Ռուսաստանը չի միջամտի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը ինչու չի շտապում կանխել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանն անընդհատ շեշտում է, որ երկկողմանի հավասար դիրքորոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ, այսինքն՝ դրվում է հավասարության նշան:

«Ռուսաստանը ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգությունը ներկայացնում է որպես չստուգված փաստ: Ռուսաստանը շատ մեծ ցանկություն չունի այս պահին օգնել մեզ, և սա էլ իրենց համար բացատրություն է, թե ինչու չեն օգնում մեզ: Ռուսաստանի համար ձեռնտու է, որ հակամարտող երկու կողմն էլ դիմեն իրեն, իրենից կախվածության մեջ լինեն, և ինքն էլ դասատուի նման երկուսին էլ նկատողություն անի կամ մատ թափ տա»,- նշեց Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյան

Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանն իր նորակայսերական պրոյեկտն ունի՝ խորհրդային միության և ռուսական կայսրության վերականգնում:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությանն ու շահերին՝ քաղաքագետը նշեց.

«Թուրքիայի համար միանշանակ է, որ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցնում է, և Ադրբեջանը ծայրահեղ կախվածության մեջ է Թուրքիայից, որոշ հանգամանքներում էլ Ռուսաստանից կարող է կախվածության մեջ ընկնել: Որպես ինքնուրույն միավոր այս անփառունակ պատերազմը վերջ է տալիս Ադրբեջանին, և Թուրքիան պարզապես մտնում է Կովկաս, և իրենց թուրանիստական պատկերացումները, այսինքն՝ որ պանթուրքական ժողովուրդները միավորվում են և Ադրբեջանի միջով, Կասպից ծովով գնում է դեպի Միջին Կենտրոնական Ասիա, և երկրորդ՝ փորձում է վերագտնել իրեն որպես Օսմանյան կայսրություն: Եթե նայենք քարտեզի վրա, չկա մի հարևան, որի հետ Թուրքիան խնդիրներ չունենա: Որևէ երկիր չի երազում, որ Օսմանյան կայսրությունը վերականգնվի, որովհետև կկլանի ամբողջ տարածաշրջանը, ինչպես դա եղավ 100-120 տարի առաջ»:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ գտնվում ենք երկու պոտենցիալ որևէ շանս չունեցող կայսրությունների արանքում: Քաղաքագետը, անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքին, նկատեց.

«Իհարկե, մենք շատ մեծ սպասումներ ունեինք, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ պետք չէ բարդույթավորվել, որ մենք աշխարհի կողմից ընդունված չենք: Մեզ վրա հարյուրավոր մարդկանց ուշադրությունն է սևեռված, և նրանց մեծ մասը բարյացակամ է տրամադրված մեր հանդեպ»:

Անահիտ Չալիկյան

Back to top button