ՆորություններՍպորտ

Պատմություն կերտելու շեմին. Արարատ-Արմենիայի վճռորոշ խաղի մրցակիցը

Մեկ շաբաթ առաջ դժվար կլիներ հավատալը, որ ֆուտբոլի կարևորությունը կխամրի…պատերազմի ֆոնին: 

«Արարատ-Արմենիան» վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Կիպրոսում՝ տան տիրոջ կարգավիճակով կընդունի սերբական «Ցրվենա Զվեզդային»: Հանդիպումը կկայանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում:

Մրցակիցը, անկասկած, շատ ավելի փորձառու է, քան «Արարատ-Արմենիան», բայց ֆուտբոլում, ինչպես և կյանքում, ամեն ինչ հնարավոր է, և մեր թիմը Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ կարող է խմբային փուլի ուղեգիր ձեռք բերել:

ArmSport-ն առաջարկում է ավելի մանրամասն ծանոթանալ մեր թիմի վաղվա մրցակցին, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել Երևանում մրցելու «Արարատ-Արմենիայի» հետ, սակայն ՈՒԵՖԱ-ի վերջնական որոշմամբ՝ խաղի անցկացման վայրը տեղափոխվեց:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ցրվենա Զվեզդան», որը թարգմանաբար նշանակում է պարզապես «կարմիր աստղ», Սերբիայում ամենամեծ մասսայականություն վայելող ֆուտբոլային թիմն է, համենայն դեպս՝ 2008 թվականի ցուցանիշով: Բելգրադը ներկայացնող թիմը «Կարմիր Աստղ» սպորտային միության անդամ է:

«Ցրվենա Զվեզդան» սերբական ու ընդհանրապես հարավսլավական միակ թիմն է, որը երբևէ նվաճել է Եվրոպայի գավաթը (1991թ.) և Միջազգային գավաթը՝ կրկին 1991 թվականին:

«Կարմիր աստղերը» Սերբիայի ու նախկին Հարավսլավիայի մրցաշարերում 25 անգամ հաղթել են ներքին առաջնությունն ու 24 անգամ նվաճել երկրի գավաթը:

1991-92թթ.-ից ի վեր, «Ցրվենա Զվեզդայի» լավագույն արդյունքը Չեմպիոնների լիգայի խմբային ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլերում հանդես գալն է:

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի 20-րդ դարի եվրոպական թոփ-200 ակումբների ցանկում «Ցրվենա Զվեզդան» 27-րդ տեղը կիսում է դանիական «Ֆեյենոորդի» հետ:

ԳՈՒՅՆԵՐԸ

Նախապես, ակումբի կարմիր ու սպիտակ մոտիվները ժառանգվել են նախկին «Յուգոսլավիա» ՖԱ-ից (հայերեն՝ «Հարավսլավիա»), որոնց մարզահագուստը կազմված էր կարմիր մարզաշապիկներից ու գուլպաներից և սպիտակ կիսավարտիքներից:

1950 թվականից սկսած կարմիր ու սպիտակ ուղղահայաց գծերը «Ցրվենա Զվեզդայի» անբաժան մասն են, ինչի համար էլ թիմի խաղացողները ստացել են «Ցրվենո-բելի» անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարմրա-սպիտակներ»:

ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԸ

«Ցրվենա Զվեզդան» նոր մրցաշրջանը Սերբիայի առաջնությունում սկսել է 100%-անոց արդյունքով․ 9 խաղ, 9 հաղթանակ։ Դեյան Ստանկովիչը նախընտրում է ագրեսիվ հարձակվողական ֆուտբոլ, ինչը վկայում է ներքին առաջնությունում վերջին 4 խաղերում խոշոր հաշվով հաղթանակները։

Թիմի դարպասի պահապանը Կանադայի հավաքականի փորձառու դարպասապահ Միլան Բորյանն է, որն, ի դեպ, ունի սերբական արմատներ։ Պաշտպանության կենտրոնում խաղում են սերբ Ռադովան Պանկովն ու Ավստրալիայի հավաքականի պաշտպան Միլոշ Դեգենեկը, որը ևս ազգությամբ սերբ է։ Եզրերում ևս սերբ ֆուտբոլիստներ են խաղում՝ Միլան Գայիչն ու Միլան Ռոդիչը։ Հարկ եղած դեպքում պաշտպանությունում կարող են հանդես գալ Գոբելիչը, Միլունովիչը և 19-ամյա Էրակովիչը։

Կիսապաշտպանության կենտրոնում հանդես են գալիս Մոնտենեգրոյի հավաքականի ներկայացուցիչ Միրկո Իվանիչն ու Սերբիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նյեգոշ Պետրովիչը։ Նրանցից որևիցե մեկին խաղադաշտում կարող է փոխարինել իվուարցի Սեկու Սանոգոն։

Թիմի արդյունավետության մասին վերևում արդեն նշեցինք, իսկ դրա «երաշխավորներն են» հարձակվողական ոճի կիսապաշտապանները․ փորձառու Ալեքսանդր Կատային, Կոմորյան կղզիների ներկայացուցիչ Էլ Ֆարդու Բենը, սերբական ֆուտբոլի երիտասարդ տաղանդներ Զեյլկո Գավիչն ու Վելյկո Նիկոլիչը, ինչպես նաև ՌՊԼ-ում իր ելույթներով հայտնի գաբոնցի Գուելոր Կանգան և ավստրիացի Սրջան Սպիրիդոնովիչը (կրկին սերբական արմատներ ունեցող)։ 

Կենտրոնական հարձակվողի դերում փոխնիփոխ հանդես են գալիս գանացի Ռիչմոնդ Բոակյեն, իտալացի Դիեգո Ֆալկինելլին, ինչպես նաև Պավկովը, Վուկանովիչը և Կրստովիչը։

Չնայած նրան, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմը մոտ 9 անգամ ավելի թանկ է, քան «Արարատ-Արմենիայինը», օրերս ԵԼ 3-րդ փուլում Ֆարերյան Կղզիները ներկայացնող «ԿԻ» ակումբի՝ Թբիլիսիի «Դինամոյի» դեմ տարած սենսացիոն հաղթանակը (6-1) ցույց տվեց, որ կազմի արժեքը ոչ միշտ է վճռորոշ լինում:

armsport.am

Back to top button
Close