Նորություններ

Վերջին 24 ժամվա ընթացքում հակառակորդի մարդկային կորուստները. 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր

«Մարտական գործողությունները  շարունակվում են: Քիչ առաջ  ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանն ըստ էության ռազմական գործողությունների օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի զինված ուժերին, մասնավորապես, այսօր առավոտյան ժամը 10:00-ից սկսած կոմբինացված, համակարգված օդային հարվածներ են հասցվում Արցախի ԶՈՒ-ին եւ Հադրութի ու Մարտունու տարածաշրջանի խաղաղ բնակչությանը:

Այս  ընթացքում թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների, Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈՒ-25 գրոհիչների, «Բայրաքթար» անօդաչու սարքերի, ինչպես նաև այլ օդային հարձակման միջոցների հարձակողական և հարվածային հեռավար  գործողությունները ղեկավարում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից, որը գործում է Թուրքիայի տարածքից՝ Էրզրում-Կարս հատվածում՝ կատարելով մարտական հերթապահություն»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այս հարվածների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև այդ հարվածներն ուղղված են եղել ԶՈՒ ստորաբաժանումներին:

«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, որի ընթացքում մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացրած հարձակողական գործողությունները: Հիմնական կիզակետը եղել է հարավային և հյուսիսային ուղղությունները»,-հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը:

«Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում հակառակորդն ունի 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Back to top button
Close