Նորություններ

Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների համատեղ հանդիպում չի կայացել

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների համատեղ հանդիպում չի կայացել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է երեկ Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպաններ Փոլադ Բյուլբյուլօղլիի եւ Վարդան Տողանյանի հետ հանդիպմանը, ապա դրանք համատեղ չեն եղել: Կայացել են առանձին հանդիպումներ»,-ասել է նա:

Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպման հերթականությունը՝ Զախարովան նշել է, որ սուր իրավիճակներում այդ հարցը երկրորդ պլան է մղվում:

Դիվանագետը նշել է, որ հանդիպումներն ավանդական ձեւաչափով չեն անցկացվել, քանի որ մասնակցել են ոչ միայն ԱԳՆ, այլ նաեւ ՆԳՆ ներկայացուցիչներ: «Մասնավորապես, ներկա է եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, իսկ ԱԳՆ-ից՝ պարոն Անդրեյ Ռուդենկոն՝ ԱԳ փոխնախարարը»,-պարզաբանել է նա:

Զախարովան նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակը, սակայն գլխավորապես անդրադարձ է կատարվել հայկական եւ ադրբեջանական սփյուռքերի արձագանքին:

«Այդ իրադարձություններն իսկապես ցնցող են՝ հաշվի առնելով զոհերի թիվը, քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքների փլուզումները: Իրավիճակը, ինչպես հասկանում եք, շիկացած է եւ պահանջում է արձագանք: Ընդ որում, խոսքը ոչ միայն ՌԴ տարածքում բնակվող սփյուռքի մասին է, այլ նաեւ նրանց մասին, ովքեր բնակվում են արտերկրում եւ հետխորհրդային տարածքից են: Նրանք եւս հարցերով դիմում են մեզ»,-պատմել է նա:

Back to top button
Close