Նորություններ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 33-ամյա վարորդը «Մոսկվիչ 412»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվելով հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մեծավան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սուրեն Սոլոյանը իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով Մեծավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սոլոյանը, ուղևոր՝ Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Առաքելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ օպերատիվորեն ժամանած Տաշիրի բժշկական կենտրոնի բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ մյուս ուղևոր՝ Մեծավան գյուղի բնակիչ, 56-ամյա Վահան Արտեմյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մ. Վանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ս. Սերոբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close