Նորություններ

«Անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր գրոհները ձախողվել են, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ». ԱՀ նախագահի խոսնակ

«Արդեն երրորդ օրն է արցախա-ադրբեջանական  շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ:

Անցած գիշեր ևս բացառություն չէր, ամբողջ գիշեր շփման գծի գրեթե ամբողջ  բնագծով ընթացել  են ինտենսիվ մարտեր, հատկապես հյուսիսային և  հարավային ուղղություններով»,-այս մասին ասուլիսի  ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Ադրբեջանական զինված ուժերը  որոշակի հաջողություններ են ունեցել առաջին օրը: Մի քանի ժամ է նրանց հաջողվել առաջխաղացում ունենալ՝ ավելի  ճիշտ  նախահարձակ լինելու պահին:

Սեպտեմբերի 27-ի լույս  28-ի լույս գիշերը պաշտպանության բանակը  կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի  մեծ մասը՝ ունենալով հաջողություններ, և այդ հաջողություններն առ այսօր պահպանվում են: Պաշտպանության բանակն ինտենսիվ կերպով կասեցնում է  հակառակորդի թուրքական զինուժի աջակցությամբ գրոհները:

Այս պահի դրությամբ ամբողջությամբ պաշտպանության բանակը  զսպում է Ադրբեջանի ագրեսիան»,-նշեց նա;

Նրա Խոսքերով՝ Ադրբեջանում են գտնվում թուրքական զինուժի  բավականին մեծ ստորաբաժանումներ և այդ ստորաբաժանումների  աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություններ  ունենալ:

Անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր գրոհները ձախողվել են, և այս պահի  դրությամբ Ադրբեջանի զինված ուժերն ունի կենդանի  ուժի  և զինտեխնիկայի  զգալի  կորուստներ: Գիշերը  Ստեփանակերտի երկնքում հայտնված  «կամիկաձեներից» երկուսին  մեր հակաօդային պաշտպանության զորքերը խոցել են»,-հայտարարեց Պողոսյանը:

ԱՀ  նախագահի խոսնակի տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը  շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը:

«Այս պահի դրությամբ ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան, խնդիրները հիմնականում ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ, և այդ խնդիրներն առաջանալուն պես  գործի են դրվում բոլոր հնարավորությունները:

Մենք  շարունակում ենք մեզ նետված այս մարտահրավերին դիմագրավել, պայքարում ենք և  շարունակելու ենք պայքարել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Արցախն  ինչպես  տասնամյակներ առաջ, այնպես  էլ  այսօր խաղաղության կողմնակիցն է,  և  մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի միանշանակ խաղաղ բանակցությունների միջոցով: Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների  համար և  ոչ մի պատերազմ, ոչ մի  ագրեսիա մեզ չի կարող ստիպել, որ մենք  հետ կանգնենք մեր նպատակներից»,- ընդգծեց Վահրամ Պողոսյանը:

Back to top button
Close