Նորություններ

Թուրքիայում քննարկվում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը

Թուրքական Milliyet թերթի կայքում «Հայաստանի թիրախներին հարվածում է Bayraktar-ը» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններին։

Հրապարակման մեջ հիշեցվում է Թուրքիայի արտգործանախարարության այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանին կօգնեն այնպես, ինչպես որ վերջինս կցանկանա։ Նման ձևակերպմամբ աջակցության ուղերձն օրակարգ է բերել նաև թուրքական զինված ուժեր Ադրբեջան ուղարկելու տարբերակը:

«Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է: Միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- գրում է Milliyet-ը։

Նշվում է, սակայն, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն Թուրքիայի նախագահի միջնորդությամբ, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման միջնորդության համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը։

1lurer.am

Back to top button
Close