Նորություններ

Ռազմաճակատի տարբեր ուղղություններով հայկական ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ. Արթուր Սարգսյան

Գիշերվա և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով, հատկապես լարված է եղել հյուսիսային և հարավային ուղղությունները:

Այս մասին քիչ առաջ «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այսօր ևս հակառակորդի հաղթողական մտահղացումը ձախողվել է: Ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով հայկական ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքերը՝ հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով:
«Նախորդ օրերին ունեցած հաջողություններին չհամակերպվելով՝ հակառակորդն այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը: Եվ՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչուներ, ծանր հրետանի, ինչպես նաև զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը: Բազմիս օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները՝ հակառակորդը փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն, այս անգամ ևս ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ նախկին դիրքերում»,- մանրամասնել է Ա. Սարգսյանը:
ՊԲ նախարարի տեղակալը հայտնել է, որ հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որտեղ նախորդ օրերին ունեցել են որոշակի հաջողություններ:
«Իհարկե, այս անգամ ևս կրելով պարտություն, նա որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը: ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները բոլոր ուղղություններով: Հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը և խաղաղ բնակավայրերին: Դրա վառ օրինակն է այսօր Վարդենիսին հասցված վնասները, որից տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը: Վանդալիզմի այդ դրսևորումները միայն ամրապնդել են հայ զինվորի ոգին: Այսօր ևս մեր զինվորը ցուցադրեց իր անկոտրուն կամքը, վճռականությունը և փայլուն կերպով կատարեց իր առջև դրված մարտական խնդիրները»,- ավելացրել է Ա. Սարգսյանը:
Այսօրվա մարտերում հակառակորդը ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելի:
Ա. Սարգսյանի խոսքով՝ ցավոք սրտի, մարտերի ընթացքում յուրային զորքերը ևս ունեն կորուստներ, որի թվային տվյալները ճշտվում են և կհրապարակվեն փոքր ավելի ուշ՝ պաշտոնական տեղեկատվությամբ:
Back to top button
Close