Նորություններ

«Թուրքիան, օդանավը խոցելով, անցավ բոլոր կարմիր գծերը, հայկական օդանավի խոցելը կփոխի Ռուսաստանի կեցվածքը». Ա. Իսպիրյան

«Թուրքիան սկսած հուլիսյան ագրեսիայից հետո բռնել է Հայաստանի դեմ պատերազմի ուղղորդելու և իհարկե այդ պատերազմում աջակցելու գիծը: Թուրքիան պատասխանատվություն է կրում Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի համար: Թուրքիան, կործանիչ օդանավը խոցելով, անցավ բոլոր կարմիր գծերը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ՍՈւ-25-ի խոցմանը:

Թուրքագետի կարծիքով՝ տավուշյան բախումներից հետո իրականացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կապ ունեն արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետ.

թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

«Ցանկացած համատեղ զորավարժության նպատակը լինում է երկու երկրների միջև գործողությունների պլանավորում. որ պլաններ էին նախագծում Հայաստանի դեմ, դա գաղտնիք չէր, դրա մասին հայտարարվեց: Իրենց մտքով անցնում էր Հայաստանի դեմ հարձակում, դրա ապացույցներից մեկն այն էր, որ թուրքական երկու կործանիչ օդանավ մնաց Ադրբեջանում և ոչ միայն այդ օդանավերը՝ զինտեխնիկա և սպայական կազմից էլ մնացին, որպեսզի ուղղորդեն, վարժեցնեն և հրահանգեն Հայաստանի դեմ»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը:

«Ընդհանրապես ցանկացած հակահայկական գործողության մեջ Թուրքիան ունի շահեր: Թուրքիայի նպատակն է Հայաստանին թուլացնել, ոչնչացնել և բնականաբար դա կլինի Ադրբեջանը, Վրաստանը, ով ցանկանա Հայաստանին վնաս տալ, Թուրքիան այդ երկրի կողքին է կանգնում: Հայաստանը Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հատված է, որը խանգարում է Թուրքիային իր պանթուրքական խոշոր ծրագրի իրականացման ճանապարհին»,- հայտնեց փորձագետը:

Ռուսաստանը ինչո՞ւ չի շտապում կանխել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հարցին ի պատասխան՝ թուրքագետը հայտարարեց. «Ցավոք չեմ կարծում, որ որևէ մեկն ունի այդ հարցի պատասխանը, թե ինչու է ուշացնում: Կարծում եմ՝ հայկական օդանավի խոցելը կփոխի Ռուսաստանի այս կեցվածքը»:

Իսպիրյանի կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիան կարող է միայն հայկական բանակը զսպել. «Այս պահին դատելով միջազգային արձագանքից արցախա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ՝ կարծում եմ Ադրբեջանի ագրեսիայի համար զսպող մեխանիզմը հայոց բանակն է, Ադրբեջանը այդ ջախջախումից դասեր կքաղի, այն էլ շատ երկար ժամանակով»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ տարածած հաղորդագրության՝ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն զոհվել է:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close