Նորություններ

«Ադրբեջանի նպատակները շատ ավելի հեռու գնացող են, նրանց նպատակն առավելագույնը վերցնելն է». վերլուծաբան

«Սա բնույթով լայնածավալ պատերազմ է: Դատելով ադրբեջանական կողմի գործողություններից՝ կիրառած տեխնիկան, դրանց ծավալները և ուղղությունները, հարվածների խորությունները, և եթե սրան գումարենք հռետորաբանությունը, ապա  կարելի է հստակ եզրակացության գալ, որ Ադրբեջանի նպատակները շատ ավելի հեռու գնացող են: Նրանց նպատակն առավելագույնը վերցնելն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:

Վերլուծաբանի խոսքերով՝ միանշանակ կարելի է պնդել, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները նախօրոք ծրագրած սցենարով են իրականացվել.

Հայկ Խաչիկյան

«Բնականաբար սա մեկ օրվա բան չէ, Ադրբեջանը վաղուց մանրակրկիտ ձևով պատրաստվել էր, և դրա վկայությունները բազմաթիվ են: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուղիղ կապ ունեն այս ռազմական գործողությունների հետ, քանի որ թուրք-ադրբեջանական փոխգործակցությունը, համատեղ գործողությունների մշակումները տարիներ շարունակ արվել են զորավարժությունների ընթացքում: Իսկ վերջին զորավարժության ընթացքում այդ պատրաստությունները արվել են այն մակարդակի, որից հետո արդեն կարելի էր գնալ գործողությունների: Ադրբեջանի կողմից կիրառվում են թուրքական ԱԹՍ-ներ, ընդ որում՝ շատ մեծ հավանականությամբ դրանք Թուրքիայի ԶՈՒ ԱԹՍ-ներ են, այսինքն՝ թուրք զինծառայողներն են դրանք օգտագործում»,- հայտարարեց Խաչիկյանը:

Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար արդյո՞ք Հայաստանը կսկսի կիրառել խոշոր հրթիռային համակարգեր, հարցին ի պատասխան՝ ռազմական վերլուծաբանը հայտարարեց.

«Իրադարձությունները շատ դինամիկ են զարգանում, և սցենարները թե ինչպես կփոխվեն, դժվար է ասել: Եթե ներկա ծավալներով զարգացումը շարունակվի, ապա հերթը կհասնի նաև դրան»,- հայտարարեց նա:

Ռազմական վերլուծաբանի խոսքերով՝ մինչև հիմա Իսկանդերը չի կրակել, որովհետև նախկինում ռազմական գործողություններն առաջնագծային հատվածում էին կամ մերձառաջնագծային, և այդ դեպքում Իսկանդերի կիրառումը մեծ հաշվով անիմաստ էր, քանի որ այդ հեռավորության համար կան շատ ավելի հարմար գործիքներ:

«Իսկանդերը շատ ավելի խորը թիկունքում կետային բժշկական ճշգրտությամբ հարվածներ տալու համար է»,- եզրափակեց Հայկ Խաչիկյանը:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close