Նորություններ

«Չեմ կարծում՝ տավուշյան խայտառակ պարտությունից հետո Ալիևը հող նախապատրաստի սադրանքի համար». Հակոբ Չաքրյան

«Ալիևի այդ սանձարձակ հայտարարությունները խարխլված հեղինակության և Ադրբեջանում սոցիալական պոռթկումներից խուսափելու համար են արվում: Ալիևը տպավորություն կամ ավելի ճիշտ պատրանք է ստեղծում, որ Ադրբեջանը պատերազմի շեմին է կանգնած, և հասարակությանը համոզում են, որ հայկական հարձակման տակ են, ժողովրդին Ալիևը հասկացնում է, որ խելոք մնան: Էժանագին, արևելյան խորամանկ քայլ է Ալիևի կողմից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

Հակոբ Չաքրյան

«Ալիևը նման սանձարձակ հայտարարություններ նոր չէ, որ անում է, օրը 2 անգամ անում է, հատկապես այն ժամանակ, երբ իրավիճակը սրվում է, և Հայաստանի ատելության ֆոնին ադրբեջանական ժողովրդին համախմբում է պետության շուրջը: Այսինքն՝ դա ուղղված է ոչ միայն միջազգային հանրությանը (միջազգային հանրությունը շատ լավ գիտի՝ որ կողմն է սանձազերծողը), ավելի շատ սա ներդրում է երկրի ներքաղաքական կյանքում, որ ժողովուրդը մոռանա սոցիալական խնդիրների մասին և սկսի երկիրը պաշտպանելու մասին մտածել, և Ալիևն էլ ջրից չոր դուրս կգա, իրեն հասարակությունը շատ չի քննադատի»,- շարունակեց թուրքագետը:

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում հերթական անգամ հնչեցրել է հակամարտության վերաբերյալ հայտարարություններ: Իլհամ Ալիևը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի միջազգային կառույցները ազդեն Հայաստանի վրա և թույլ չտան նոր ռազմական ագրեսիա:

Հարցադրմանը, թե ինչ հեռահար նպատակ էր հետապնդում Ալիևի այդ քայլը, արդյո՞ք Ադրբեջանը հող է նախապատրաստում իր սադրանքների համար, Չաքրյանը պատասխանեց.

«Չեմ կարծում՝ տավուշյան խայտառակ պարտությունից հետո հող նախապատրաստի սադրանքի համար: Դեռ նոր են խայտառակ պարտություն կրել, այն էլ Թուրքիայի՝ Ադրբեջանին անվերապահ աջակցելու և միշտ Ադրբեջանի թիկունքին լինելու հայտարարությունների ֆոնին:

Թուրքիան միջնորդավորված կամ լիազորված պատերազմ է մղում Հայաստանի դեմ և Ադրբեջանի հետ միասին պարտվում են և դրա համար ամեն պարտությունից հետո ջղայնանում են, և հայտարարությունները կոշտ բնույթ են ստանում»,- շարունակեց թուրքագետը:

Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի շահն այն է, որ Թուրքիան ուզում է Ադրբեջանին միացնել Արցախը, բայց ոչ թե Ադրբեջանի, այլ իր համար, որպեսզի Հայաստանը դառնա կաթվածահար պետություն:

«Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան ուզում է իրականացնել իր վաղեմի երազանքը, այսինքն՝ Մեղրիի վրայով միջանցք բացել, որպեսզի ուղիղ հաղորդակցության ճանապարհ ունենա Ադրբեջանի հետ՝ այն հաշվարկով, որ Ադրբեջանում իր տեղը ամրապնդի և Հարավային Կովկասը վերցնի իր ազդեցության տակ, որտեղից էլ կներթափանցի Միջին Ասիա»,- հայտարարեց նա:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիային և Ադրբեջանին միավորում է հայատյացության գաղափարը:

Հուլիսյան մարտերից հետո մթնոլորտը բանակցության համար որքանո՞վ է հարմար, և արդյոք մենք հիմա ունենք մի իրավիճակ, որի պայմաններում կարող ենք արդյունավետ բանակցությունների մասին առհասարակ մտածել, և արդյոք Ադրբեջանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու:

Հարցին ի պատասխան՝ թուրքագետը հայտարարեց.

«Բանակցային սեղանի շուրջ վերադառնալ հնարավոր կլինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջեն, նրանք էլ կհամաձայնվեն, բայց նայած՝ ինչ նպատակով ես գնում բանակցելու. հնարավոր է՝ գնում ես իսկապես բանակցելու կամ այնպիսի քայլ ես անում, որ հակառակ կողմը հրաժարվում է բանակցություններից, և բանակցություններն ընդհատվում են»,- եզրափակեց Հակոբ Չաքրյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close