Նորություններ

Կորոնավիրուսը՝ Շիրակի մարզի դպրոցներում. վարակված ուսուցիչներ կան

«Ընդհանուր թեստավորումների մեջ ցածր թիվ ունենք, Շիրակի մարզում արված թեստավորումների ընդամենը 10%-ն են կազմում հաստատված դեպքերը:

Տնային հսկողության տակ է գտնվում 478 քաղաքացի, նրանցից 110-ի մոտ դրական դեպք է հայտնաբերվել: Երեկ առողջապահական առաջնային օղակի հսկողության տակ գտնվողներից հինգ քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել են Երևան»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը՝ անդրադառնալով մարզում համաճարակային իրավիճակին:

Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց նաև, որ երեկվա դրությամբ Շիրակի մարզի 53 դպրոցներում 2529 ուսուցիչների թեստավորել են, նրանցից 31-ի մոտ հայտնաբերվել է դրական դեպք, որը կազմում է մոտավորապես 1.2%-ը:

«Առայժմ հեռավար ուսուցման է անցել միայն Ախուրյանի 2-րդ դպրոցը, բայց դասապրոցեսը կանգ չի առել, իսկ թե էլ որ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման, այս պահին որևէ տվյալ չունեմ»,- նշեց Ասլանյանը:

Նրա խոսքերով՝ Շիրակի մարզում համաճարակային իրավիճակը կառավարելի է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Գյումրու ինֆեկցիոն վերապրոֆիլավորված հիվանդանոցը չի զբաղվում Covid19-ի բուժումով, իրականացնում է տրիաժ գործառույթ, այսինքն՝ կասկածելի դեպքերի ընդունում, հայտնաբերում:

Հավելենք, որ համավարակի առաջին օրվանից Շիրակի մարզում 2657 դեպք է արձանագրվել, կորոնավիրուսի հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 45 դեպք:

Back to top button