Նորություններ

«Ի՞նչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա կարող է լինել հայկական և ադրբեջանական կողմերի միջև, երբ ադրբեջանական կողմը վարում է անթաքույց թշնամական քաղաքականություն Հայաստանի հանդեպ». թուրքագետ

«Իլհամ Ալիևի հայտարարությունները նորություն չեն, որովհետև դա Ադրբեջանի քաղաքական ոճն է, իրենց ապակառուցողական քայլերը, ահաբեկչական մտածողությունը, միջազգային չափանիշներից հեռու նրանց մոտեցումները: Բավական է դիտարկել, թե ով է այդ երկրի ազգային հերոսը (գիշերը քնած հայ սպային կացնահարած տականք), արդեն այդ պետության մոտեցումների մասին պատկերացումները հստակ կլինեն»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացը տապալված է, և մեղավորը հայկական կողմն է:

Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ ովքեր ընդգրկված են բանակցային գործընթացներում, ովքեր շփվում են Ադրբեջանի հետ, այս ամենը պետք է հաշվի առնեն և ըստ այդմ իրենց քայլերը կառուցեն :

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում. «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Վարչապետի հայտարարությանն անդրադառնալով՝ Մելքոնյանը ընդգծեց.

«Կան բազմաթիվ հարցականներ, որ հասարակության մեջ տարակուսանք է առաջացնում, և պետք է հենց իրենք՝ պատասխանատուները, մանրամասն պարզաբանեն: Ինչ վերաբերում է կոնֆիդենցիալ ինֆորմացիային, ապա երևի թե դա այլ ոլորտ է, որը շատերին հասու չէ և կրկին տարակուսանք է առաջացնում, թե ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա կարող է լինել հայկական և ադրբեջանական կողմերի միջև, երբ ադրբեջանական կողմը վարում է անթաքույց թշնամական քաղաքականություն Հայաստանի հանդեպ, այդ դեպքում ինչպես կարող ես այդ երկրին վստահել որևէ կոնֆիդենցիալ ինֆորմացիա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, թե պետք չէ հրապարակել կոնֆիդենցիալ տեղեկատվություն, երևի թե մինչ այդ սպառնալիքներին անցնելը՝ ճիշտ կլիներ հերքեր կամ հաստատեր՝ արդյոք այդպիսի ինֆորմացիա հնարավոր է, որ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում հերթական անգամ հնչեցրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններ: Իլհամ Ալիևը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի միջազգային կառույցները ազդեն Հայաստանի վրա և թույլ չտան նոր ռազմական ագրեսիա, ի՞նչ հեռահար նպատակ էր հետապնդում Ալիևի այդ քայլը, կամ ընդհանրապես ինչո՞ւ է նա դիմում միջազգային կառույցներին այն պարագայում, երբ ագրեսիան ադրբեջանական կողմից է:

Հարցադրմանն ի պատասխան Մելքոնյանը հայտարարեց.

«Ժողովրդական իմաստությունն ասում է, որ գողը առաջինը ինքն է բղավում՝ բռնեք գողին, և այս պարագայում Ադրբեջանի հայտարարություններին միջազգային հեղինակավոր ամբիոններից երևի թե անգամ իրենք չեն հավատում: Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և այդ պետության մեջ որևէ ժողովրդավարության նորմ պահպանված չէ: Ադրբեջանը բացահայտ վարում է ահաբեկչական, ցեղասպան քաղաքականություն, և նման բռնապետական պետությունը հայտարարի տարատեսակ վտանգների մասին, որ իբրև թե բխում է Հայաստանից, ապա դա, ես կարծում եմ, իր կողմից իրականացվող ագրեսիայի նախապատրաստական քայլեր են, և փորձում են դրանով ֆոն ստեղծել միջազգային ասպարեզում իբր Հայաստանից բխող ապառնալիքների վերաբերյալ: Փաստերը, գործողությունները միշտ ճիշտ հակառակն են ապացուցում, որ այս տարածաշրջանում և այս կոնֆլիկտի մեջ ապակառուցողական և ագրեսոր պետությունը հենց Ադրբեջանն է»,- նշեց թուրքագետը:

Նրա խոսքերով՝ միջազգային հանրության պասիվ արձագանքի հետևանքով Ադրբեջանի հռետորաբանությունը օրեցօր էլ ավելի ագրեսիվ է դառնում:

Հուլիսյան մարտերից հետո մթնոլորտը բանակցության համար որքանո՞վ է հարմար, և արդյոք մենք հիմա ունենք մի իրավիճակ, որի պայմաններում կարող ենք արդյունավետ բանակցությունների մասին առհասարակ մտածել, և արդյոք Ադրբեջանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու:

Հարցին Մելքոնյանը պատասխանեց.

«Տարածաշրջանում առհասարակ պրոցեսները արագ և հանկարծակի են զարգանում, բայց եթե նայենք տրամաբանության սահմաններում, քիչ է հավանական, որ բանակցությունները կարող են վերականգնվել, որովհետև բանակցություններ սկսելու բոլոր կամուրջները հիմա քանդման պրոցեսում են և ոչ թե վերականգնման: Հիմա հասունանում է բոլորովին այլ պրոցես, ինչը բանակցային գործընթացի հետ որևէ առնչություն չունի»:

Back to top button
Close