ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Գործ ունենք շատ ավելի վտանգավոր մի երևույթի հետ. Սահմանադրական դատարանում տեսանելի է առնվազն չորս ֆրակցիա. դա խանգարելու է»

«Թեև լեգիտիմությունը կա, թեև քաղաքական կամքը կա՝ որոշակի փոփոխություններ անելու կա, բայց երևի թե չկա բավարար կոմպետենցիան՝ ճիշտ եղանակով դա առաջ տանելու և ճիշտ ձևերով անելու: Դրա համար էլ կարծես թե մեր դատաիրավական բարեփոխումները բավականին ծանր են շարժվում տեղից, ճռճռալով… Այն բաները, որոնք կարելի է անել մեկ քայլով, մենք անում ենք մի քանի քայլի կոմբինացիայով: Եվ անգամ մի քանի քայլն անելուց հետո էլ շատ հաճախ պարզվում է, որ մենք ինչ-որ բաներ բաց ենք թողել, մոռացել ենք և դեռևս ամբողջական կամ մինչև վերջ չենք արել»,- ասում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:

Նա օրինակ է բերում Սահմանադրական դատարանում տեղի ունեցող պրոցեսները: Հովհաննես Մանուկյանը նշում է, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով հնարավոր էր լուծել ՍԴ-ի թնջուկը:

«Ստեղծելով Գերագույն դատարան՝ խոշորագույն քայլ կարվեր դատաիրավական բարեփոխումների ոլորտում, որպիսին մեր անցած 30 տարվա ընթացքում չի արվել, և դա կգրվեր բավականին մեծ պլյուս իշխող քաղաքական ուժի օգտին: Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք»:

Անդրադառնալով ՍԴ դատավորների ընտրությանը՝ Հովհաննես Մանուկյանը նշում է.

«Նշանակումների ամենայուղոտ շտրիխը չի կարող լինել քաղաքական նպատակահարմարությունը կամ ինչ-որ քաղաքական ուժի կամ ոչ քաղաքական ուժի և ուղղությունների քիմքին հարմար թեկնածու ընտրելու չափորոշիչը: Այստեղ առաջնահերթ պետք է լինի պրոֆեսիոնալիզմի հանգամանքը, և պետք է լինի նաև բարեվարքության կոմպոնենտը»:

Հարցադրմանը, թե կա՞ր ճգնաժամ Սահմանադրական դատարանում, որը պետք էր հանգուցալուծել, արդարադատության նախկին նախարարը նշել է.

«Ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ արտահայտությունն իրավական կատեգորիա չէ: Սա քաղաքական մեկնաբանություն է: Եթե իրավական դաշտից տեղափոխվեմ քաղաքական մեկնաբանության դաշտ, ապա սրան կարող է մի բացատրություն լինել. կար քաղաքական մեծամասնության մոտ կասկած, որ Սահմանադրական դատարանը կարող է որոշակի քաղաքական ազդեցության տակ լինել կամ ընկնել: Չեմ կարող ասել, որ այս հարցադրումը քաղաքական ուժի կողմից լեգիտիմ չէ և չի կարող տեղ ունենալ: Դժվարանում եմ հերքել այս մոտեցման կյանքի իրավունքը: Բայց արդյո՞ք մենք այս փոփոխություններով լուծեցինք այն խնդիրը, որը դրված էր… Միգուցե այս նոր կազմում քաղաքական ազդեցությունը չկա կամ միգուցե անտեսանելի է, կամ շատ ավելի թույլ է, բայց մենք այս կազմով գործ ունենք շատ ավելի վտանգավոր մի երևույթի հետ. դա Սահմանադրական դատարանի հնարավոր անգործունակությունն է: Եթե նկատել եք կազմը վերլուծելիս, ես այստեղ ֆրակցիոնիզմի երևույթներ եմ նկատում և ակնհայտորեն, ինձ համար գոնե տեսանելի է առնվազն չորս ֆրակցիա, չորս խումբ շահերի, տեսնում եմ Սահմանադրական դատարանում, և բնականաբար, այս ֆրակցիոնիզմը խանգարելու է Սահմանադրական դատարանին»:

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Back to top button
Close