Նորություններ

«Մաքսայինի աշխատողը պետք է հարգի պետական դրոշը, իսկ աշխատանքից ազատելու վարչապետի որոշումն իրավական հիմքերից զուրկ է»

Մաքսայինի աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին որոշումն իրավական հիմքերից զուրկ է: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով այսօր ՀՀ կառավարության ղեկավարի՝ Նորագավիթի մաքսակետ այցելությանը, որի ժամանակ նա որոշում կայացրեց, որ մաքսայինի մի քանի աշխատակից պետք է հրաժարականի դիմում գրեն և հեռանան:

Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյան

«Եթե հարցին նայենք զուտ աշխատանքային իրավունքների տեսակետից, ապա ասեմ, որ այդ մարդկանց աշխատանքից ազատելու հիմք չկա: Ճիշտն ասած, որպես ՀՀ քաղաքացի ես էլ կուզենայի, որ իմ հարկերից աշխատավարձ ստացող մաքսայինի աշխատողը հարգեր ՀՀ պետական դրոշը, փնթի չպահեր: Բայց օրենքը օրենք է, և պետք է պահել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը մաքսային կառույցում տեսել էր, որ ՀՀ պետական դրոշը դրված է գետնին, պատի մի անկյունում: Սա, ըստ Իոաննիսյանի, շատ վատ պրակտիկա է, բայց հիմք չէ աշխատանքից ազատման, այն էլ վարչապետի կողմից:

«Ըստ էության, պրակտիկան՝ հանձնարարել, որ մարդիկ դիմում գրեն և դուրս գան, ամբողջությամբ հակասում է աշխատանքային իրավունքի պրակտիկային: Օրենքում հստակ գրված է, թե որ դեպքում մարդկանց կարելի է աշխատանքից ազատել: Կոնկրետ տվյալ պահին եթե աշխատանքից ազատում են, պետք է պարզել՝ արդյոք մարդն անբարեխիղճ է կատարում իր աշխատանքային պարտականությունները: Մյուս կողմից հարցն այն է, թե ով է աշխատանքից ազատողը: Վարչապետը վարչական առումով, վարչարարության առումով մաքսային ծառայության աշխատակիցների վերադասը չէ և վարչապետը չէ նրանց աշխատանքի ընդունում կամ հանում», -կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը:

Ըստ նրա՝ վարչապետը լավագույն դեպքում կարող է դա առաջարկել պետեկամուտների կոմիտեի նախագահին: «Մարդուն հրահանգել, թե դիմում կգրես և դուրս կգաս, սա մի պրակտիկա էր, որը մենք երկար ժամանակ տեսել ենք: Եթե մարդն օրենք է խախտում, եթե ծառայողական իր պարտականությունները չի կատարում, ուրեմն կարող են աշխատանքից հանել, և դա պետք է անի համապատասխան մարմինը: Եթե օրենքը չի խախտել, ապա նա չի կարող որևէ կերպ պատժվել օրենքը չխախտելով»:

Մեր այն հարցին, թե մաքսայինի տվյալ աշխատակիցները կարո՞ղ են արդյոք իրենց աշխատանքից հեռացնելու որոշումը վիճարկել դատարանում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Եթե առանց իրավական հիմքերի աշխատանքից հեռացնեն, այո, իրավունք ունի դատարան դիմելու: Բայց, կրկնում եմ, որևիցե մեկի համար հաճելի չէ, որ աշխատավարձ են ստանում դրոշը փնթի պահողները: Դրոշը փնթի պահելն առհասարակ ցույց է տալիս պետության, պետականության նկատմամբ վերաբերմունքը, բայց այդուհանդերձ օրենքը մնում է օրենք, և այն պետք է կիրառվի»:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button