Նորություններ

Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ներկայացավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ քննվում է նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս է իր տրամադրությունը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի»։

Ծառուկյանը կրկին նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբեւէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է։

Անդրադառնալով իրեն կալանավորելու մասին հարցին՝ ասաց. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»:

Ի պատասխան դիտարկմանը, թե լուրեր կան, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն ասաց՝ դատական գործընթացը ցույց կտա:

Նշենք, որ Ծառուկյանի կալանքի հարցը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին, պատճառաբանելով, որ իրենք պատշաճ չեն ծանուցվել։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

news.am

Back to top button
Close