Նորություններ

Մենք շարունակում ենք կոչ անել ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները ՄԽ համանախագահների հովանու ներքո. ԱՄՆ պետքարտուղարություն. tert.am

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները: Այս մասին Tert.am-ի հարցմանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը:

«Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- մասնավորապես ասված է նրա պատասխանում:

Նշենք, որ Tert.am-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով մի քանի հարց էր ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հարցմանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը:

Իսկ հարցումները վերաբերում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ըստ որոնց, հիմա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում բանակցություններ չկան և դրա մեղավորը Հայաստանն է: Tert.am-ը հետաքրքրվել էր, թե արդյոք ամերիկացի համանախագահը համաձայն է Ալիևի խոսքերի հետ, ինչո՞ւ  չկան բանակցություններ, և արդյոք կան խորհրդակցություններ նոր բանակցություններ սկսելու մասին:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, իրենք դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող իրադարձություններին:

«Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները:

Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը:

Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»,- նշված էր հաղորդագրության մեջ:

tert.am

Back to top button
Close