Նորություններ

Հավերժության ճամփաներն ու COVID-19-ը. ինչպե՞ս են ապրում եզդիները Հայաստանում

Հայաստան-Թուրքիա սահմանի վրա գտնվող Թլիկ գյուղի բոլոր բնակիչներն ազգությամբ եզդի են: Հայտնի է, որ Թլիկում չկա խմելու ջուր, տրանսպորտ, խանութ կամ բուժկետ: Գնումներ կատարելու կամ բուժվելու համար գյուղացիները 10-15 կմ ճանապարհ են կտրում: Ու այս պայմաններում եզդիներն այսօր կանգնել են նոր մարտահրավերի առաջ, որը կոչվում է կորոնավիրուս:

Թլիկի բնակիչներն այնքան են խորթացել մարդկանցից, որ անգամ լրագրողների հանդեպ են անբարյացակամ: Չեն ցանկանում շփվել ոչ մեկի հետ. պատճառը պարզ է. նրանք խոստումներ են լսել տարբեր տրամաչափի պաշտոնյաներից ու մշտապես խաբվել են. արդեն գրեթե 30 տարի ոչ ջրի խնդիրն է լուծվել, ոչ քանդված ճանապարհների ու տրանսպորտի և ոչ էլ մսամթերքի իրացման ու արտահանման:

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կա եզդիերեն լեզվի և գրականության ուսուցմամբ 23 դպրոց, տպագրվում են գրքեր, թերթեր, գործում են եզդիական միություններ ու կազմակերպություններ, առաջադեմ երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին: Բայց և այնպես սոցիալ-տնտեսական խնդիրները շատերին ստիպում են արտագաղթել՝ լքելով իրենց պապական տները:

Հայաստանում զբաղվածության հետ կապված լուրջ խնդիր կա, հետևաբար եզդիներից շատերը նույնպես մեկնում են արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստան: Սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այսօր նրանք զրկվել են նաև արտագնա աշխատանքի մեկնելու և իրենց ընտանիքների գոյությունը պահպանելու այդ հնարավորությունից:

Եզդիներն ամենաբազմամարդ էթնիկ փոքրամասնությունն են Հայաստանում: Այստեղ շուրջ 35 հազար եզդի է բնակվում, կա մոտ 20 գյուղ, որոնք մեծամասամբ կամ ամբողջությամբ բնակեցված են եզդիներով: Դրանցից մեկն էլ Ակնալիճն է: Հենց այստեղ էլ կառուցվել է աշխարհում եզդիական ամենամեծ սրբավայրը՝ Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճարը:

Իսկ սարերի բարձրադիր գոտիներում տեղակայված են եզդիների անասնապահական ֆերմաները: Այս կողմերում կարելի է հանդիպել միայն եզդի անասնապահների ամենագնացներին, որոնցով սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ են հասցնում 3000 մետր բարձրության վրա աշխատող ընտանիքներին:

Յայլան եզդիական ընտանիքներով բնակեցված ինքնատիպ շարժական գյուղ է, որը ամռան ամիսներին ծավալվում է բարձր սարերի լանջին: Հենց այստեղ են խտացած նրանց ինքնատիպ ավանդույթներն ու սովորույթները, կենցաղն ու մշակույթը:

Սարերում կորոնավիրուսի վտանգից բացի, եզդիներին ևս մի վտանգ է անհանգստացնում: Դրանք գայլերն են, որոնք գրեթե ամեն օր հարձակում են գործում սարալանջին արածող ոչխարների հոտերի վրա: Այնքան հանդուգն են ու խորամանկ, որ փորձ են անում անգամ յայլա մուտք գործել՝ վտանգելով նաև մարդկանց կյանքը:

Եզդիները մեծ դժվարությամբ են վաստակում իրենց օրվա ապրուստը: Առավոտից երեկո աշխատում են ամբողջ ընտանիքով՝ փոքրից մեծ: Հենց տեղում էլ խնամում ու մեծացնում են փոքրիկներին. այլ տարբերակ չունեն: Իսկ տարեցներին վերաբերվում են հատուկ հարգանքով:

Այնուամենայնիվ, Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից անկախ, եզդիական համայնքը գտնում է հաց վաստակելու ելքերը, գտնում է իրեն բնորոշ աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ: Համոզված են, որ հազարամյակներ շարունակ ծանր ժամանակներ ապրած, բազում փորձություններ հաղթահարած ժողովուրդը կհաղթահարի նաև կորոնավիրուսի համավարակի այս ժամանակաշրջանը և կապրի ու կարարի առանց սահմանափակումների, կապրի ազատ ու անկաշկանդ՝ իրենց հարազատի պես ընդունող բոլոր երկրներում:

Back to top button
Close