Նորություններ

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սանիտարական կանոնները, որոնցով, ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եւ նշել, որ մասնավորապես ամրագրվել է.

— լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ,

— Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

— Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

— մասնագիտացված և հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։

Հրամանի հղումը՝ այստեղ:

Back to top button
Close