Նորություններ

Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուղիեն տեղեկացրել է, որ սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիներից՝ քաղաքում բարձրացված Արցախի դրոշի պատճառով։

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,–ի պատասխան Facebook-ի իր էջում բարկացած գրառում է արել Մուղիեն` կից հրապարակելով իրենց լուսանկարը` արված մի շարք դրոշների ֆոնին, որոնց թվում ծածանվում է նաև Արցախի դրոշը։

Նշենք, որ դեռևս 2015թ-ին Արցախի Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր, և նրանք դարձել են քույր քաղաքներ։ Իր գրառման մեջ տիկին քաղաքապետը հիշեցնում է, որ հռչակագրից հետո Ադրբեջանն իրեն ընդգրկել է հայտնի «սև ցուցակում»։ Բայց դրանով նրանք չեն բավարարվել։ Ադրբեջանի Գերագույն դատարանը դատապարտել է նրան և պահանջել Մառլեն Մուղիեից չեղյալ համարել բոլոր պայմանավորվածություններն ու դադարել շփվել Արցախի Շուշի քաղաքի հետ։

«Այսօր իմ հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանական բռնապետների կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի»,- գրել է նա։

Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարան մտած 3 ադրբեջանցիները, որոնք ներկայացել են զբոսաշրջիկներ, պահանջել են քաղաքից հեռացնել Արցախի դրոշը և սպառնալիքներ են հնչեցրել։

«Ոչ ոք չի կարող մեր փոխարեն որոշել` ում հետ շփվենք, ում հետ՝ ոչ։ Ադրբեջանը,Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամներին մենք ենք ընտրում»,- իր գրառման մեջ նշել է քաղաքապետը։

Մառլեն Մուղիեն նաև նշել է, որ Ֆրանսիայում` Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը բարձրացնելը բարեկամության խորհրդանիշն է մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ իր միակ նպատակն է ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի երեկվա կատարողներն այսօր իրենց դաշնակիցներն են։

Back to top button
Close