Նորություններ

Ինչո՞ւ է Ռուսաստանի սահմանը փակ մնում Հայաստանի քաղաքացիների առաջ

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների (ԵԱՏՄ) քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի 21-ից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է․

«Վատ է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանը բաց չէ. միգուցե դրա հիմքը օբյեկտիվ է, սուբյեկտիվ, միգուցե քաղաքական վերաբերմունք է երկրի նկատմամբ, ինչ է թե հեղափոխական իշխանություններին չեն սիրում, կամ հեղափոխական իշխանությունները իրենց ասածները չեն կատարում. ես դա չեմ կարող ասել, որովհետև ես փաստարկներ չունեմ: Ինձ համար ավելի համոզիչ է այն, ինչը որ ես կարդացել եմ մամուլում: Այսինքն՝ առայժմ Ռուսաստանը խրախուսում է այն երկրներին, ովքեր իրենից կգնեն վակցինա: Ես դրան ավելի շատ եմ հավատում, քան, օրինակ, նրան, որ «Դոսյե»-ն հրապարակեց, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կոշտ վերաբերմունք է լինելու, և շատերը այս ամենը կկապեն իրար: Ես ընդունում եմ, որ դա կարող է լինել վարկածներից մեկը, բայց նույն վարկածը հավասարապես կարող է լինել նաև Հայաստանում կորոնավիրուսի տարածման թվերի աճը. դրանք բոլորը վարկածներ են, բայց թե ինչ կա Ռուսաստանի որոշման տակ թաքնված, ես դա չեմ կարող մեկնաբանել»,- հայտարարեց քաղաքագետը:

ԳԱԼԱ-ն Ռուսաստանի որոշման վերաբերյալ զրուցել է նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:

«Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների ներդրումը պայմանավորված է բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով: Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության, և որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել և ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»,- հայտարարեց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել, ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով:

«Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջև: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է երկու երկրների համաճարակային իրադրության վերաբերյալ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Ռուսաստանից Հայաստան վերադարձածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց. նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը իրենց խնդրին լուծում տա և իրենք կարողանան մեկնել ՌԴ:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close