Նորություններ

«Ռուսական զորքի մի մասը այսօր Հայաստանի անվտանգությունն է ապահովում. դա նշանակում է, որ Հայաստանի ԱԱԾ-ն չպետք է առանձին դիտել ռուսական ФСБ-ից». Հարություն Բաղդասարյան

«Ես ի սկզբանե ասել եմ, որ Սահմանադրական դատարանի փոփոխությունները վաղը — մյուս օրը նույնպես քննարկման առարկա են դառնալու: Լավ կլիներ, որ իշխանությունը ընդհանրապես չնախաձեռներ, լավ կլիներ, որ զբաղվեին լուրջ գործերով, բայց որ նախաձեռնել է, ես հիմա որևէ բան չունեմ ասելու: Գիտեմ, որ միևնույնն է՝ վաղ թե ուշ այս հարցին նորից անդրադառնալու ենք, և այս ամենը նորից բերելու է Սահմանադրական ճգնաժամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

Փաստաբանի խոսքերով՝ իշխանությունը փոխվելուց հետո փոխվելու է նաև այդ դատարանը:

Հարություն Բաղդասարյանը, անդրադառնալով «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննությանը առ այն, որ Ռուսաստանը Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում գործակալներ ունի, որոնք ղեկավարվում են նախագահի վարչակազմից, հայտարարեց.

«Հայաստանը գաղութ է և միշտ էլ եղել է գաղութ. կապ չունի, թե Հայաստանում ով է իշխանության, և գաղութատերն է որոշում, թե Հայաստանում ով պետք է իշխանություն վարի: Մետրոպոլն է որոշում՝ ով պետք է լինի իշխանություն, ով ընդդիմություն, և մետրոպոլն է որոշում, որ ընդդիմությունը որ հարցերում է քննադատելու և այպանելու իշխանությանը. դա նորություն չէ մեզ համար:

Հայաստանում չի կարող որևէ մեկը գալ իշխանության, որը Ռուսաստանի համապատասխան մարմինների, օղակների համաձայնությունը չունենա: Երբ Հայաստանում ինչ-որ ձևով իշխանական փոփոխություններ են լինում, պետք է հետքերը փնտրել մետրոպոլիայի մեջ: Չի կարող պատահել, որ ինչ-որ մեկի համաձայնությամբ իշխանության եկած մարդը մետրոպոլիայի մոտ «դոսյե» չունենա»,- հայտարարեց փաստաբանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանին ի սկզբանե չի համարել օտար երկիր, այլ իրենց մի մասը, իրենց մի գաղութը։

Փաստաբանը, անդրադառնալով այն հարցադրմանը, թե Մոսկվայի շահերն սպասարկող Հայաստանի պետական կառույցներում գտնվող գործակալները ի՞նչ են ստանում այդ ծառայության դիմաց, հայտարարեց.

«Հնարավոր է, որ ծառայողները հետագայում գնում են Ռուսաստան, թոշակ են ստանում և այլն, չի բացառվում: Ես չեմ ընդունում, որ նրանք Ռուսաստանի ագենտներ են. նրանք ի սկզբանե այդ համակարգի ծառայողներ են: Եղել է մեկ ընդհանուր մարմին, և իրենք այդ ընդհանուր մարմնից կտրված չեն (առ այսօր Հայաստանի ԱԱԾ-ն կտրված չէ ռուսական ФСБ-ից), որովհետև իրենց պատկերացմամբ դա նույն մարմինն է: Այսօր Հայաստանի ԱԱԾ-ի աշխատողները հոգեբանորեն պատկերացնում են, որ իրենք ռուսական ФСБ մարմնի մի մասն են:

Դրա համար չկա այնպիսի խնդիր, որ Հայաստանի ԱԱԾ-ն առանձին ունենա, ռուսական ФСБ-ն առանձին. դրանք մեկ ընդհանուր դաշտում են: Այսինքն՝ պետք է այնպես լինի, որ այն, ինչը խնդիր է Ռուսաստանի համար, պետք է խնդիր լինի նաև Հայաստանի համար, և դրա լավագույն ապացույցն այն է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը այսօր Հայաստանում են և անվտանգության մարմնի մի մասն են:

Ռուսական զորքի մի մասը այսօր Հայաստանի անվտանգությունն է ապահովում. դա նշանակում է, որ ի սկզբանե դրված է եղել այն խնդիրը, որ Հայաստանի ԱԱԾ-ն չպետք է առանձին դիտել ռուսական ФСБ-ից»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close