Նորություններ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։

Դատական նիստը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։

Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ և՛ պաշտպանները, և՛ դատախազությունը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքները և Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Այլ կերպ ասած՝ դատարանը կքննարկի Վերաքննիչ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված գործը։

Back to top button
Close