Նորություններ

«Հիմա Հայաստանում ընթանում է արտաքին բարեհաճության համար լարված մրցավազք, որը կարող է և վերաճել լուրջ հակամարտության».Մ. Հայրապետյան

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները և ՍԴ 3 դատավորների ընտրությունը: Իշխանությունը պնդում է, որ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվեց։ Ի՞նչ եք կարծում՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվա՞ծ է, թե՞ ոչ:

-Իհարկե, հանգրվանային հանգուցալուծում կա, թեև ոչ այնքան պետականանպաստ լուծում է դա. վստահ եմ՝ Հայաստանում կարելի էր գտնել անբասիր դատավորների:

-ՍԴ 3 նոր դատավորների ընտրությունը դժգոհություն է առաջացրել, հանրությանը մտահոգում է այն, որ նրանք նախկին իշխանության հետ կապեր են ունեցել և այլն։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության տեսադաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապեր են ունեցել։

-Նախ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապեր ունենալն ինքնին մեղք կամ դժգոհության պատճառ պետք չէ ընկալել. եթե այդպես է, ուրեմն մենք գնահատման և արժեքային անբարենպաստ հանգրվանում ենք: Երկրորդ՝ եթե իշխանության տեսադաշտում են հայտնվում կա՛մ անցյալում հիմնականում իրենց արատավորած անձինք, կա՛մ ապահամակարգային թերուսներ, դա խոսում է իշխանության փնթիության մասին. չէի կամենա մտածել, թե նպատակային քաղաքականություն է տարվում Հայաստանի ապագայի դեմ:

-ԲՀԿ ղեկավարը դեռևս ամիսներ առաջ պահանջում էր կառավարության 100%-ով հրաժարական, սկսել է մարզային այցելությունների շարք։ Հայտարարում է, որ իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է։ ԲՀԿ-ականները խոստացել են մեծ հանրահավաք և հայտարարել, որ գնալու են մինչև վերջ, ո՞րն է այդ մինչև վերջը, և ինչո՞ւ է ԲՀԿ ղեկավարն իր մտահոգությունների մասին հիմա արտահայտվում:

-Ձեր նշած կառույցն ամենևին էլ այն առանցքը չէ, ինչ միջնադարյան մեկնիչների համար Աստվածաշունչը, ուստի հարկ չեմ համարում որևէ կերպ գնահատել դրա վարքը: Միայն արժե ասել, որ հիմա են արտահայտվում, քանի որ հիմա են հրահանգավորվել՝ ուղի՞ղ, թե՞ միջնորդավորված՝ էական չէ:

-Որոշ քաղաքական ուժեր տարբեր ժամանակահատվածներում հանդես են գալիս հայտարարություններով։ Ինչքանո՞վ է հավանական այդ ուժերի միավորումը, և իշխանությունն արդյո՞ք մտահոգվելու պատճառներ ունի:

-Իշխանությունը ոչ միայն մտահոգվելու, այլև լրջորեն մտահոգվելու պատճառ ունի, այն էլ՝ հիմնավոր, քանի որ, չնչին բացառությունները հաշվի չառած, Հայաստանի «քաղաքական» կոչվող կառույցներն արտաքին նույնիսկ օպերատիվ կառավարման ռեժիմում են գործել և գործում: Չէ՞ որ դա ամենից լավ հայտնի է հենց իշխանությանը: Կնշանակի՝ արտաքին պատվերի դեպքում նրանք կարող են և միավորվել: Հիմա Հայաստանում ընթանում է արտաքին բարեհաճության համար լարված մրցավազք, որը կարող է և վերաճել լուրջ հակամարտության, եթե դրսում որոշվի, որ «մավրն արել է իր գործը, մավրն անելիք չունի»: Վստահ եմ, որ առաջիկայում դեռ փոփոխության խնդիր չի դրվելու, քանի որ դեռ «անելիք կա»: Այսօր փողոցում կատարվողն ընդամենը նախավարժանք է: Նույնիսկ պետք էլ չէ փողոցից ակնկալել փոփոխությունը, պետք չէ անգամ այսօր և վաղը փողոցում մսխվող գումարների չափերից դատել դրա մասին. այն կլինի անսպասելի և ստանդարտից դուրս: Պատրաստ լինել է պետք. բոլորի՛ս:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close