Նորություններ

Դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա մորը՝ 6-ամյա դստեր նկատմամբ բռնություն գործադրելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա կնոջը՝ 6 տարեկան անչափահաս դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 47-ամյա կինն ամուսնալուծված է, չունի աշխատանք ու կենցաղային խնդիրների պատճառով վրդովված ողջ զայրույթը թափել է մանկահասակ երեխայի գլխին՝ պարբերաբար ծեծելով նրան։

Հերթական դեպքը եղել է 2019թ հուլիսի 17-ին՝ կեսօրին, երբ կինը սոցիալական և նյութական պայմաններից վրդովված ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 6-ամյա դստեր մարմնի տարբեր մասերին, ինչը նկատել են պատահական անցորդները և կանխել՝ զանգահարելով ոստիկանություն։ Միջադեպից երկու օր անց՝ հուլիսի 19-ի գիշերը, «Լունապարկի» այգու դիմաց կինը կրկին նույն պատճառով բազմաթիվ հարվածներ է հասցրել վեցամյա դստեր գլխին, ինչը նկատել են նույն տարածքում գործող սրճարանի աշխատակիցները, կանխել և զանգահարել ոստիկանություն։

Ի վերջո` ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ու կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար, իսկ երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն։ Գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որտեղ արդեն կինն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել արագացված դատաքննություն իրականացնել։ Կինը դատարանում տվել է ինքնախոստովանական ցուցմունք և զղջացել կատարվածի համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել կնոջը՝ դատապարտելով ազատազրկման 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանել է փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով։ Դատավարության կողմերը համաձայն են եղել դատավճռի հետ և չեն բողոքարկել դատական ակտը և այն մտել է օրինական ուժի մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close