«Ամենամեծ ձեռքբերումը բանակի ծնունդն է. Մեր ԶՈՒ-ն էվոլյուցիա է անցել. կամավոր ջոկատներից դարձել է կանոնավոր բանակ». Դավիթ Բաբայան

«Արցախում անկախության տոնը յուրովի է ընկալվում, որովհետև Արցախը Հայաստանի այն հազվագույտ տարածքներից է, որտեղ հայոց պետականությունը երբևիցե չի դադարեցվել. այս կամ այն ձևով պահպանվել է: Անկախ պետականության գաղափարը ես կբաժանեի երկու մասի՝ անկախության ձգտել և հասնել դրան, իսկ մյուսը՝ պահպանել այդ ձեռք բերված անկախությունը: Սրանք իրար փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ տարբերություններ կան»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի արտաքին հարցերով խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Բաբայանը
«Մենք ձգտել և հասել ենք անկախության, և ռազմատենչ ոգին հայ ժողովրդին հարիր է, և պետք է արժևորենք անկախությունը. և առաջին հերթին անկախությունը նաև մեր ժողովրդի մոտ առկա մի շարք բացասական երևույթների դեմ պայքարն է: Ներքին բացասական երևույթները ոչ պակաս վտանգավոր են և գուցե ավելի վտանգավոր, քան արտաքինը, որովհետև եթե ներսում չենք կարող հաղթահարել այս կամ այն դժվարությունները, այդ ամենը բերելու է արտաքին ագրեսիայի անցկացմանը»,-նշում է նա։
Բաբայանի խոսքերով՝ անկախության հռչակումից 29 տարի անց ամենամեծ ձեռքբերումներից են բանակի ծնունդը և արտաքին ագրեսիայի ներքո անկախության և պետականության պահպանումը։
«Մեր զինված ուժերը անցել են փառահեղ ճանապարհ, իհարկե կան նաև բազմաթիվ դժվարություններ, եղել են սխալներ, իսկ սխալներ որտե՞ղ չեն լինում:
Մեր ԶՈՒ-ն էվոլյուցիա է անցել. կամավոր ջոկատներից դարձել է կանոնավոր բանակ: Բոլոր պետությունները ու ժողովուրդները չէ, որ կարող էին այս կարճ շղթան անցնել: Մենք տեսնում ենք՝ Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում, հայրենասերների ջոկատը վերջում դառնում է ահաբեկիչներ, սեփական ժողովրդին են թալանում և այլն, և այլն:
Մեզ հաջողվել է անցնել այդ շղթան, որովհետև մեր դեպքում՝ ինչ անկախություն առանց Զինված ուժերի:
Բանակը մեր ամենամեծ ձեռքբերումներից է և ամենամեծ գրավականը՝ անվտանգության, բայց դրան զուգահեռ մենք պետք է ունենանք հզոր դիվանագիտական կորպուս, հզոր կրթադաստիարակչական համակարգ, համախմբված հասարակություն: Այսինքն՝ այս ուղղություններով աշխատանքները պետք է շարունակվեն:
Հաղթանակները, որոնք մենք տոնել ենք արցախյան, ապրիլյան պատերազմի, տավուշյան սահմանային բախումների ժամանակ, սրանք դրվագներ են, և ամենօրյա կտրվածքով մեր զինվորներն ու երկիրը առնչվում է այդ մարտահրավերների հետ: Միշտ պետք է քրտնաջան աշխատել անկախության և պետականության պահպանման ուղղությամբ, որովհետև աշխարհը դինամիկ ձևով փոխվում է»,- ընդգծեց Բաբայանը:
Հարցադրմանը, թե Հայաստանը ունի խնդիր՝ կապված ինքնորոշման հետ, Բաբայանը պատասխանեց.
«Ինքնիշխանություն ասվածը շատ հարաբերական բան է. շատերը փորձում են սպեկուլյատիվ բնույթի հայտարարություններ անել, որոնք շահարկումներ են: Երկրի հասունությունը կայանում է նրանում, որ նա կարողանա սթափ և ճիշտ գնահատի իր ռեսուրսները և կարողանա եղբայրական դաշնակից երկրների հետ այնպիսի քաղաքականություն վարի, որ չեզոքացնի թշնամական վեկտորների հնարավոր ներգործությունը. այ դա է ինքնիշխանության և ընդհանրապես ինքնաբավության կարևորագույն բաղադրամասը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: