«Կեղծն այն էր, երբ հանրությանը մոլորեցնելու համար ՔՊ-ն ու ԲՀԿ-ն հուշագրեր էին ստորագրում».Ս․Սահակյան

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է: Այս մասին նախորդ շաբաթ Ազգային ժողով — Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ընդգծեց, որ իդեալական Սահմանադրական դատարան չի ձևավորվել:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծմանը՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը նշել է.
«Սահմանադրական դատարանի ճգնաժամը կապված էր այդ կազմով սահմանադրական արդարադատություն իրականացնելու անհնարինության հետ, և Սահմանադրական դատարանի համալրված կազմը ինձ հույս չի տալիս, որ այն նախկինից ավելի լավ է սահմանադրական արդարադատությունն իրականացնելու»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննադատություններին, թե հեղափոխական արժեքներին հակասող է ձևավորված Սահմանադրական դատարանը, հայտարարեց.
«Այնպիսի տպավորություն էր՝ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած քաղաքական թիմն ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից 1 շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ։ Ո՛չ, այդպես չէ։ Ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, ովքեր ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին, այսպես ասած, հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել»:
Սուրեն Սահակյանն, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նախ ընդգծեց, որ հեղափոխությունն իրականում չի կառավարվել որևէ ուժի կողմից:
«Երբ որ հեղափոխությունը կառավարում էր ինչ-որ մի ուժ, ինչ-որ մի մարդ, այդ հեղափոխական գործընթացները գնում էին անկման: Դա վերաբերում է մինչև ապրիլի 15-ն ընկած հատվածին: Դրանից հետո հեղափոխական գործընթացները դուրս են եկել այդ ուժի կառավարման շրջանակներից և դրա բերումով հեղափոխությունը կամ հեղափոխական գործընթացների առաջին փուլը հաջողվել է: Ոչ մեկը չի կառավարել, և հենց դա է եղել հաջողության գրավականը:
Հեղափոխությունը տեր չունի: Հեղափոխությունն արել են մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, և դա վերաբերել է բոլորին հավասարապես: Թե ով դրա մեջ ինչ ազդեցություն և ներգրավվածություն է ունեցել, դա առանձին հարց է: Ամենամեծ ներգրավվածությունն, իհարկե, ունեցել է Նիկոլ Փաշինյանը, և իրենից շատ բան է կախված եղել այդ ընթացքում, բայց ոչ հեղափոխության արդյունքը:
Իմիջիայլոց, երբ որ խոսք է գնում հեղափոխությունը կառավարող ուժի մասին, և այդ վերմակը փորձ է արվում քաշել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա, պետք է հիշել, թե իրենք ինչպես են լուծում հարցերը և որպես դրա օրինակ դիտարկել Սահմանադրական դատարանի խնդրի լուծման պատկերը: Երկու տարում այդ խնդիրը չէին կարող լուծել… Ինչպե՞ս կարող էր այդ նույն ուժը, որն այն ժամանակ ավելի փոքր էր, ավելի քիչ պատրաստված և ավելի քիչ ռեսուրսներով հեղափոխություն կառավարել, երբ ավելի ուժեղ ժամանակ մի Սահմանադրական դատարանի հարց չի կարող լուծել»,- ասաց Սահակյանը:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև: