ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Նիկոլ Փաշինյանինն է հեղափոխությունը. նա չէր ուզում հեղափոխությունը որևէ մեկի հետ կիսել. «Ես եմ արել և ես ինչ ուզեմ կանեմ, մի՛ դժգոհեք»

«Հայաստանում շուրջ 30 տարիների ընթացքում քաղաքական համակարգ, որպես այդպիսին, չձևավորվեց»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում: Իսկ երբ չկա գաղափարական պայքար ու բանավեճ, հանրությունը, նրա կարծիքով, հույսը դնում է «փրկիչների» վրա:

«Հիասթափվելով գործող իշխանություններից՝ մարդիկ հույս են կապում ինչ-որ նոր անձի, նոր դեմքի հետ, որ նա կարող է իրավիճակը փոխել: Եթե անդրադառնանք 2018 թվականին տեղի ունեցածին, ապա իմ համոզմամբ, մի բան պետք է ամրագրել, որ 2017 թվականի ընտրություններից որքան էլ ընդդիմությունը դժգոհ լիներ, այդ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաջողության հիմնական գրավականը ոչ այնքան ընտրակաշառքն էր, որը, իհարկե, տեղի է ունեցել, որքան Կարեն Կարապետյանի դեմքը: Կարեն Կարապետյանն իր կեցվածքով, իր կերպարով հույս ներշնչեց հասարակությանը, որ նոր դեմք է եկել, և կարող է իրավիճակը փոխվել: Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն այդ քարոզարշավին չէր մասնակցում: Եվ քանի որ մենք փոխվելու էինք դեպի խորհրդարանական համակարգ, բոլորը հույս ունեին, որ Կարեն Կարապետյանը կդառնա ՀՀ վարչապետ: 2018 թվականին, թող ինձ ների Սերժ Սարգսյանը, եթե նա ագահություն չունենար և իշխանությունը փոխանցվեր Կարեն Կարապետյանին, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ետևից երևի 10 հոգուց ավելի մարդ չէր գնա: Եվ այդ ամբողջ շարժումը ոչ թե գաղափարական էր, այլ ուղղված էր Սերժին մերժելուն, այսինքն, որ որևէ մեկը չհավերժացնի իր իշխանությունը»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը պնդում է, որ 2018թ. շարժման ընթացքում չկար որևէ այլ գաղափարական հենք կամ հեղափոխական արժեքներ: Այս տեսանկյունից, ըստ նրա, սխալ է ասել, թե հեղափոխական արժեքներին հակասող է ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը:

«Նիկոլ Փաշինյանին պետք էր իր անձնական Սահմանադրական դատարանը: Նրան այնպիսի անձեր էին պետք, կարևոր չէ՝ հին են, նոր են, կարևորը, որ պարտական լինեն իրեն, ինչպես «Իմ քայլի» բոլոր պատգամավորները: Ցանկացած իշխանության եկած ուզում է ունենալ ավելի շատ իշխանություն: Եթե Նիկոլ Փաշինյանը չունենար կաշկանդվածություն ՍԴ անդամների նշանակման հարցում, որպես իրավաբանական որոշակի ցենզ, կրթություն ունեցող և տարիքային պահանջներ դրված չլինեին օրենքով, ես ձեզ հավատացնում եմ, որ ՍԴ անդամներ կլինեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տիպի մարդիկ… Երիտասարդ, փորձ չունեցող, բայց իրեն ենթակա, հլու-հնազանդ մարդիկ: Սա էր նպատակը: Եվ այն, որ խոսում են դատարանի նորընտիր անդամների մասին, կոռումպացվածություն և այլն… դա ավելի ձեռնտու է, որովհետև ավելի կաշկանդված են և ավելի երախտապարտ Նիկոլ Փաշինյանին: Սա այնքան պարզ է: Ես համոզված եմ, որ այսօր ցանկացած Սահմանադրական դատարանի գործ ցուցումով է որոշում կայացվելու Նիկոլ Փաշինյանի կողմից»:

 

Հաղորդաշարն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close