ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նման տեմպով Սերժ Սարգսյանին էլ շուտով փոխվարչապետ կնշանակեն». Հ. Խուրշուդյանը՝ ՍԴ ճգնաժամի եւ հեղաշրջման վտանգների մասին

Ընտրությունների արդյունքում Սահմանադրական դատարանի ճգնաժամը էլ ավելի խորացավ, այս կարծիքին է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Խուրշուդյանը նշել է, որ Սահմանադրական դատարանում կադրային փոփոխությունների ջերմեռանդ ջատագովներից է եղել:

«Որովհետև ակնհայտ էր, որ հին կազմով Սահմանադրական դատարանը չի կարող հաղթահարել այն ճգնաժամը, որն առաջացել էր նախկին իշխանությունների՝ դատական իշխանության մեջ մնալու հետևանքով: Այսինքն, երկու հիմնական ճյուղերում տեղի էր ունեցել հեղափոխություն, և ժողովուրդն էր եկել, այս մի համակարգում դեռ նախկիններն էին իշխում: Եվ այդտեղ պետք էին կադրային փոփոխություններ, առնվազն: Իսկ հիմնականում մենք կողմնակից էինք սահմանադրական իրական և արմատական բարեփոխումների: Բայց ասացինք՝ լավ, թող կադրայինն անեն, մինչև որ տրվի սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, որն ավելի երկար ժամանակ է պահանջում: Այդ ժամանակ ոչ մեկը իշխանությունից չէր ակնկալում իդեալական Սահմանադրական դատարան: Դա բառախաղ է: Ոչ մի բան իդեալական չի լինում, բայց երբ որ մենք խոսում ենք կադրային փոփոխությունների մասին, մենք նկատի ունեինք, որ այնտեղ իրոք բանիմաց, պարկեշտ մարդիկ կընտրվեն, այլ ոչ թե մարդիկ, ովքեր լրիվ հակառակը, կատարել են նախկին իշխանությունների պատվերները, շատ հարմար տեղավորված են եղել համակարգում…

Խունդկարյանի դեպքում շատ ավելի վատ: Դատական համակարգում կատարել են այն աստիճանի բիրտ պատվերներ, որ հետո այդ վճիռներով ՄԻԵԴ-ում հարյուր հազարավոր եվրոներ Հայաստանը ստիպված է եղել վճարել տուժած քաղաքացիներին»,- նշում է Հովսեփ Խուրշուդյանը:

Նա հարցադրում է, թե որն էր իմաստը այդպիսի մարդկանցով համալրելու Սահմանադրական դատարանը, և ինչով են այդ մարդիկ տարբերվում այն դատավորներից, ում փոխարինելու են:

Հիշեցնենք՝ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն արձանագրելով, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամն ավարտված է, հավելեց, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում է որոշում կայացրել թեկնածուի վերաբերյալ:

«Լիազորությունների մասին ոչ մի խոսք չկա: Իրենց լիազորությունների շրջանակում շատ ավելի վատ որոշումներ կարող են կայացնել՝ Սերժ Սարգսյանին բռնեն դնեն փոխվարչապետ: Դա էլ է իրենց լիազորությունների շրջանակում: Բայց ինչ է իրենց պատվիրակել ժողովուրդը»,- ընդգծում է Հովսեփ Խուրշուդյանը:

Back to top button
Close