Նորություններ

«Մենք երկու ամիս ժամանակ ունենք քիչ թե շատ քաղաքական շարժեր անելու, ձմռանը բոլոր պատուհանները փակվելու են». Ս. Սարոյան

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գագիկ Ծառուկյանն իր տան այգում կազմակերպեց ԲՀԿ ժողովը և կառավարության գործունեությունը գնահատեց անբավարար: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի գնում այդպիսի քայլի, այլ Ծառուկյանն է գնում, իսկ ԲՀԿ-ն իր ձեռքում գործիք է: Թե նա ինչու գնաց նման քայլի, կարելի է ընդամենը հավանական համարել, որ եղել են որոշակի ստիմուլներ, որոնք դրդել են Ծառուկյանին այդ քայլը կատարելու և կառավարող քաղաքական միավորի հետ ավելի կոշտ պայքարի դաշտ մտնելու: Այդ սկսված պատմությունը հիմա էլ շարունակվում: Նիկոլ Փաշինյանի համար դա առիթ է՝ Ծառուկյանի պոչը անընդհատ իր կրնկի տակ պահելու համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի վերջին շրջանում դրսևորած ակտիվությանը:

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը չի վախենում Գագիկ Ծառուկյանից, սուտ է: Իհարկե ընդհանրապես նա վախենում է նման կարգի գործիչներից, ովքեր առանձնանում են ինքնուրույնությամբ, միջոցներ և ռեսուրսներ ունեն: Այդ առումով այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, բնական հունով ընթացք է դարձել: Այսինքն՝ մի կողմից կա վախ կառավարող միավորի և ղեկավարի մոտ, մյուս կողմից՝ կա սխալ քաղաքական իրավիճակի գնահատում Գագիկ Ծառուկյանի կողմից»,- շարունակեց Սարոյանը:

Հարցադրմանը, թե որոշ քաղաքական ուժեր տարբեր ժամանակահատվածներում հանդես են գալիս հայտարարություններով եւ ինչքանո՞վ է հավանական այդ ուժերի միավորումը, և իշխանությունն արդյո՞ք մտահոգվելու պատճառներ ունի, Սարոյանն արձագանքեց.

«Այդ ուժերը ինքնուրույն չեն և իրենք երբեք էլ ինքնուրույն քայլերով չեն առանձնացել, և այս դեպքում ուժ անվանելը հարաբերական է: Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ մի ուժ չի ներկայացնում, կան համակիրներ, բայց դրանք տվյալ անձի համակիրներն են և ոչ թե կուսակցության մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, Վանեցյանի կուսակցությանը, նրանք ինքնուրույն որևէ քայլ էլ չեն կարողանալու անել: Նրանց հիմնական շարժիչ ուժը եղել է այն, թե արտաքին սուբյեկտներն իրենց ինչ կասեն, և ըստ դրա էլ քայլեր են կատարել և կատարում:

Խոսքը կոնկրետ Ռուսաստանի հետքի մասին է: Այն, ինչ ասվում է, կամ ինչ-որ քայլեր անելու են դրդում, Հայաստանին ներքաղաքական ինչ-որ երանգ է տալիս, բայց դա համարել, որ Հայաստանի համար ինչ-որ մի երևույթ է կամ գործընթաց է, դա սուտ է, չկա այդպիսի գործընթաց, և հանրությունն անիմաստ սևեռվում է այդ քայլերի վրա»,-հայտարարեց Սարո Սարոյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ քաղաքական ուժերի կողմից ներկայացվածն օրակարգեր չեն, դրանք քաղաքական միավորների առանձին շարժում են, իրենից ոչինչ չներկայացնող, ընդամենը փուչիկ:

«Կառավարող միավորն ինչ-որ վախեր է առաջ բերում, և իրենց համար այդ վախերը կան, քանի որ իրենք վախենում են: Քաղաքական իրավիճակի գնահատականի տեսանկյունից իրականության հետ դրանք աղերս չունեն, որովհետև նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Մի բան է, որ կառավարողներն այնքան վախկոտ են, որ դա գնահատում են այդպես: Իրականում վախենալու ոչինչ չկա, սպառնալիք չկա, դա փաստ է, և հիմա նրանք այդ փաստը երկու տարի է չեն հասկանում: Մի կողմից չեն հասկանում, որովհետև իսկապես վախենում են, իսկ մյուս կողմից էլ ձեռնտու է. նախկինների հետ անընդհատ համեմատվելու միջոցով հանրության ուշադրությունը իրենց կողմ են գրավում, և այս իրավիճակում մենք 2 տարի ապրում ենք, միգուցե էլի ժամանակ էլ ապրենք, որովհետև այսպես ասած՝ քաղաքական օրակարգն այդպիսի սին, փուչիկ բաներով է լցված. որևէ լուրջ, ծանրակշիռ բան չկա, բայց այդ փուչիկի վրա բոլորը կայանում են և ցույց են տալիս, որ քաղաքականությամբ են զբաղված. դա քաղաքականություն չէ»:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում ընդհանրապես քաղաքական կյանք չկա, որովհետև գրեթե չկան քաղաքական միավորներ:

«Այն, ինչ որ կա սևի ու սպիտակի բաժանված դաշտում, դա արդեն ապականվել է և շարունակում է ապականել ամբողջ քաղաքական դաշտը: Հայաստանում գրեթե 2 տարի կա քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամը արտահայտվում է նաև կառավարման մեջ:

Հեղափոխությունից մի երկու ամիս հետո պարզ դարձավ, որ վարչապետի գլխավորած կառավարությունը չի կարողանում կառավարման մշակույթ մտցնել Հայաստանում, և սա այնքան խորացավ, որ երկու տարի է արդեն Հայաստանը ապրում է կառավարման ճգնաժամի մեջ:

Վարչապետի երեկվա գրառումը՝ սխալների հետ կապված, հենց դրա վկայությունն է. բառախաղը մի կողմ, դեմագոգիան մի կողմ, բայց փաստը այն է, որ կառավարման ճգնաժամ կա, և այդ սխալները խոսքի միջոցով փորձում է ապացուցել, որ ճիշտ է, և Հայաստանում ամեն ինչ լավ է, ոչ մի սխալ չկա. սա է Հայաստանի քաղաքական իրավիճակը»:

Սարոյանի խոսքերով՝ ճգնաժամից դուրս գալու համար քաղաքական սուբյեկտները պետք է բոլորովին այլ պայքարի ճանապարհով ընթանան:

«Հանրությունն էլ պետք է աչքերն այլ ձևով բացի. զոմբիացված վիճակը թույլ չի տալիս բոլորովին այլ օրակարգեր պարտադրել կառավարությանը և քաղաքական ուժերին, և միաժամանակ քաղաքական այն միավորները, որոնք սևի և սպիտակի մեջ չեն, փորձեն այլ լուծումներ գտնել, այլ խնդիրներ առաջ քաշել, այլ օրակարգեր ներմուծել և խնդիրն այնպես ձևակերպեն, պայքարի այնպիսի մեթոդաբանություն ընտրեն, որ հանրությունն էլ հասկանա, որ գտնվում է սաղմնավորման մեջ. դա երկկողմանի է: Երկկողմանի ասելով նկատի ունեմ թե՛ նման կարգի միավորների գործունեությունը և թե՛ հանրության ողջամտությունը, և միայն այս դրսևորման արդյունքում է հնարավոր, որ Հայաստանում իրավիճակ փոխվի: Եթե ոչ, ապա պատմությունը շարունակվելու է, և մենք խրվելու ենք ճահճում, և դա ոչ մի լավ բան չի խոստանում: Հատկապես, որ դիմացը ձմեռ է, և այս կորոնավիրուսի հետ կապված պատմությունները մի նոր թափ են ստանալու:

Մենք երկու ամիս ժամանակ ունենք քիչ թե շատ քաղաքական շարժեր անելու, ձմռանը բոլոր պատուհանները փակվելու են»,- եզրափակեց քաղաքագետը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close