Նորություններ

«Սերժ Սարգսյանը շարունակում է ԲՀԿ-ին հետապնդել, ինչպես որ դա արեց 5 տարի առաջ, բայց արդեն կուլիսների հետևից». Ա. Ղուկասյան

«Ե՛վ Նիկոլ Փաշինյանի գրառումը, և՛ Գագիկ Ծառուկյանի պատասխանը «պլինտուսից» ցածր գտնվող մարդկանց խոսքերի փոխանցում էր: Այստեղ 2 գործիչներն իջել են այն մակարդակին, որը իրենց պատիվ չի բերում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի միջև ֆեյսբուքյան «փոխհրաձգությանը»:

Քաղաքագետը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանում դրսևորած ակտիվությունը պայմանավորում է նրա նկատմամբ սկսված քրեական հետապնդման հետ:

«Ենթադրում եմ, որ մարդկանց շրջանակը կարող է ավելի լայն լինի՝ կապված ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու բացահայտումների հետ: Իմ կարծիքով այս հանգամանքը դրդեց ԲՀԿ-ին ավելի ագրեսիվ դիրք գրավել, փորձել մոբիլիզացնել համախոհների հատվածը և այդ ամենի միջոցով ավելի հակակշռել այն քրեական հետապնդումը, որ այսօր կա»,- հայտարարեց Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյան

Քաղաքագետի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանին որոշել են «զոհաբերել» և նշանակել պատասխանատու ընտրակաշառք բաժանելու երևույթի համար.

«Առհասարակ Հայաստանում, եթե ամփոփենք՝ ինչ է կատարվում քրեական հետապնդումների քաղաքականության ոլորտում, ապա կտեսնենք, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք քրեական ռեժիմին ներկայացվում էին, այսօր այդ հարցերով տարբեր մարդկանց ներկայացնում են պատասխանատու: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին նշանակել են պատասխանատու «Մարտի 1-ի գործով», Գագիկ Խաչատրյանին նշանակել են պատասխանատու բյուջետային միջոցների յուրացման համար: Գագիկ Ծառուկյանին նշանակել են պատասխանատու երկրում ընտրակաշառք բաժանելու համար, և ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի, և նա էլ փորձում է փրկվել այդ հետապնդումից, ինչպես որ կարող է, իրեն հասանելի եղանակներով»,-հայտարարեց քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության կողմից նախատեսված մեծ հանրահավաքին և այն հայտարարությանը, որ իրենք մինչև վերջ գնալու են, ասաց. «Ծառուկյանը կարող է իր աշխատողներին համակարգի և կազմակերպված ձևով բերի հանրահավաքի: Ես ենթադրում եմ, որ այդպես էլ լինելու է»:

«Նշանակված օրը, երբ ուզենան հանրահավաք անեն, իրենք ցույց կտան իրենց քաղաքական աջակցությունը և այն սոցիալական կարողությունը, որը որ ունեն: Դա, բնականաբար, պայմանավորված է ոչ թե ԲՀԿ-ի քաղաքական օրակարգով կամ կարգախոսներով, այլ նրանով, որ բազմաթիվ տնտեսական կոլեկտիվներ գտնվում են Գագիկ Ծառուկյանի կայսրության մեջ, ենթարկվում են իրեն, և ինքը հնարավորություն ունի այդ մարդկանց դուրս բերել փողոց: Այդ մարդկանց դուրս է բերում փողոց, որպեսզի հասկացնի իշխանություններին՝ հրաժարվել իր դեմ քրեական հետապնդումներից: Մինչև վերջ գնալը… դե սովորաբար վերջում մարդիկ գնում են տուն»,- շարունակեց Ղուկասյանը:

Նրա կարծիքով՝ Ծառուկյանին դա չի հաջողվի, որովհետև սկզբունքային հարց է և որևէ մեկին պետք է պատասխանատու նշանակել այդ քրեական գործի համար:

«ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը քանի որ անձեռնմխելի է, և այսօրվա իշխանությունները չունեն ռեսուրս՝ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի դեմ որևէ գործողություն անելու, բացի խոսելուց, մնում է ԲՀԿ-ն, ում որ պիտի «զոհաբերեն» և ում միջոցով պիտի ցույց տան, որ իբր թե կա մեկը, ով պատասխանատվության ենթարկվեց»:

Ղուկասյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն անձեռնմխելի է, որովհետև դատական իշխանությունն իր ձեռքում է.

«Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին կառավարության 50%-ը անցավ, բայց դատական իշխանությունը շարունակում է գտնվել Սերժ Սարգսյանի ազդեցության տակ:

Սերժ Սարգսյանն է կանգնած այս բոլոր քրեական հետապնդումների հետևում և ինքը մաքրում է իրեն ներկայացված մեղադրանքները: Եթե այդ տեսակետից փորձենք հասկանալ քրեական հետապնդումների շարքը, ապա կտեսնենք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը մաքրվի բոլոր տեսակի մեղադրանքներից:

Այդպիսի բաներ հնարավոր է, երբ մարդիկ պաշտոններ չեն զբաղեցնում, բայց ունեն լծակներ իշխանության վրա ազդելու: Սերժ Սարգսյանը շարունակում է ԲՀԿ-ին հետապնդել, ինչպես որ դա արեց 5 տարի առաջ, բայց արդեն կուլիսների հետևից և այն տպավորությամբ, որ դա այսօրվա կառավարության գործողություններն են և այլն»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close