Նորություններ

«ՍԴ դատավորների ընտրությունը անսկզբունք կոմպրոմիս է, և այդ որոշմամբ շիրմաքար է դրվել ՀՀ դատական համակարգի առողջացման վրա». Մ. Նահապետյան

ՍԴ դատավորների ընտրության վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի  հետ:

Միքայել Նահապետյանը կարծում է, որ ՍԴ դատավորների ընտրությունը  անսկզբունք  կոմպրոմիս է:

«Այդ  ընտրությունը ես համարում եմ խաբեություն և դավաճանություն այն մարդկանց նկատմամբ, որոնց խոստացել էին առաջնորդել այլ սկզբունքներով: Ես համարում եմ անհետևողականության և  ստախոսության դրսևորում այն շարքից հետո, երբ ասում էին,  թե  Սահմանադրական դատարանը  պիտի մաքրվի նախկինների հետ կապ ունեցողներից, և դատական համակարգից պիտի հեռացվեն ՄԻԵԴ-ում պարտված վճիռներ  կայացրած դատավորները»,-կարծիք  հայտնեց ՔՈ  կուսակցության գործադիր մարմնի  անդամը:

Ըստ  Նահապետյանի՝  տեղի ունեցածը անսկզբունքային, դավաճանական վերաբերմունք է  ՀՀ  այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հույս են ունեցել, որ  2018թ. տեղի ունեցած գործընթացները կբերեն ՀՀ դատական համակարգի  առողջացմանը:

«Ըստ  էության,  այդ որոշմամբ շիրմաքար  է   դրվել  ՀՀ դատական համակարգի առողջացման ամբողջ պրոցեսի  վրա, որովհետև մեր դատական համակարգը չի  կաղում այն պատճառով, որ  մեր մասնագետները  լավը չեն կամ որ նրանց փող չեն տալիս. մեր դատական համակարգը ունի վստահության ճգնաժամ: Եվ այսպիսի վստահություն չվայելող պրոցեսով, վստահություն չվայելող մարդ ընտրելով՝ ուղիղ հարված ենք հասցնում այն սկզբնական նպատակի  ողնաշարին, որը դրվել էր: Հրայր Թովմասյանին իրենք հանում էին, որովհետև չէին վստահում, իսկ Երվանդ Խունդկարյանին վստահո՞ւմ են:  Ես  հատուկ ուզում եմ անդրադառնալ այն փաստարկին, որ կան տարբեր  շահեր, և ամեն մեկը  մի բան է  ասելու՝ մեկը դժգոհ կլինի, մյուսը՝ ոչ:

Ես ուզում եմ ասել, որ մենք իրենց գնահատում ենք ոչ թե մեր ցանկությունների, այլ իրենց խոստումների համատեքստում»,- շարունակեց նա:

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ,  անդրադառնալով դիտարկմանը, թե ՍԴ դատավորների ընտրությունը հանրության մոտ  հարցեր է  առաջացրել, հայտարարեց, որ  կան  քաղաքական և ոչ քաղաքական ուժեր, ովքեր   ամեն իրավիճակում ուզում են իրենց շահը, իրենց օրակարգը, իրենց թեկնածուներին, կամակատարներին որոշակի տեղերում տեղավորել:

«Վարչապետն այդ առումով շատ վատ  սովորություն ունի՝ տալ գնահատականներ առանց  անունների և բոլորին նույն կաթսայում եփելու: Գուցե  ինքը տեղյակ է, որ որոշ քննադատողներ  ունեն այդպիսի  թեկնածուներ: Ես դժգոհ եմ, որ ՍԴ թեկնածու չունեմ: Աբսուրդը  նա է, որ  ՍԴ-ում պաշտոնավարում են 2 դատավորներ, նրանցից մեկը՝ ՄԻԵԴ-ում հաղթած վճիռներով փաստաբան, մյուսը՝ այդ վճիռները  պարտված դատավոր  է: Հիմա ո՞ր  Հայաստանն է, որ սկզբունքն ենք վերցնում, ո՞ր  մասն ենք տալիս»,- ընդգծեց Նահապետյանը:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչպես է ստացվում, որ իշխանության տեսադաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապեր են ունեցել, Միքայել  Նահապետյանը պատասխանեց.

«Դա քաղաքական անհեռատեսության, քաղաքական խնդիրներին լուրջ չնայելու, լուրջ չվերաբերվելու  հետևանք  է: Մարդիկ, ովքեր  որոշել էին ուղղակի Հրայր  Թովմասյանին տուն ուղարկել, բայց չէին ձևակերպել, թե որն է խնդիրը, ու չէին գտել դրա ճանապարհը, անընդունակ էին լինելու որակական փոփոխություններ  բերել, և նրանք  լուրջ չեն վերաբերվել ՍԴ  դատավորների ընտրությանը»:

Նահապետյանն ընդգծում է՝ կյանքը  ցույց կտա՝ ՍԴ-ն ինչպիսին կդառնա, որովհետև  9  հոգուց բաղկացած մարմինը նախ և առաջ հարաբերություններ  են, մարդկանց կշիռներ, ազդեցություններ…։

«ՍԴ շարունակում է  ունենալ վստահության պրոբլեմ, որովհետև խնդիրը՝  ինչի մեջ ձևակերպված էր վստահության պակասը, չի լուծվել:

Ասում էին՝ վստահության պակասի պատճառն այն է, որ նախորդ համակարգում կոնկրետ մոտիվացիայով անարդար վճիռներ կայացրած մարդիկ դատավորներ  են: Հիմա էլ են այնտեղ անարդար վճիռներ կայացրած դատավորներ, բան է փոխվե՞լ»,-  եզրափակեց Միքայել Նահապետյանը:

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին ընտրեց  Սահմանադրական դատարանի դատավորների թափուր  պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներին՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին և  Էդգար Շաթիրյանին:

Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել էին ամիսներ  առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close