Նորություններ

Կոչ ենք անում չխլել նրանց ազատությունը․ «բանտարկված» արջերի մասին

Արջերը հեշտությամբ են սովորում մարդու ներկայությանը և դառնում են մարդամոտ՝ մասամբ կորցնելով վայրի կենդանուն բնորոշ բնազդները, ինչն էլ նրանց դարձնում է հեշտ ընտելացվող։ Հատկապես ձագ շրջանում մարդկանց տիրապետության տակ հայտնված արջերը, որոնք նաև սնունդ և ջուր են ստանում մարդու ձեռքից, գրեթե ամբողջությամբ կորցնում են իրենց բնազդները և չեն կարող միայնակ գոյատևել վայրի աշխարհում։

Ցավոք, այդպիսի արջերը ՀՀ տարածքում շատ են։ Կենդանիներն ինչ-ինչ պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Բարեբախտարաբար, նրանցից շատերն այսօր գտնվում են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։

Այս երկու երիտասարդ արջերը մեր կենտրոնում են հայտնվել մարդկանց կողմից չափազանց ընտելացված կարգավիճակով։ Կենդանիների մարդկանց հետ շփումը չէր տարբերվում միմյանց հետ շփումից, ինչն անհանգստացնող է մի շարք պատճառներով․ վտանգվում է թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց անվտանգությունը։ Այսօր երկու արջերը WRC-ում գտնվում են մասնագետների մշտական ուշադրության և հոգածության ներքո։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։  Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։

Կենտրոնի մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք․ ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները, մեր մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ և ապահովում են բարձր տրամադրություն։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին զերծ մնալ ցանկացած վայրի կենդանու հետ անմիջական շփումից, առավել ևս՝ չխլել նրանց ազատությունը և վայրի կյանքի առավելությունները։

Back to top button
Close