Լուկաշենկոն հայտարարել է, որ փակում է սահմանները Լիտվայի ու Լեհաստանի հետ և ամրացնում Ուկրաինայի հետ սահմանը

Բելառուսը ստիպված է փակել Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանը, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ այսօր ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում:
«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, բանակի կեսը զինել և փակել պետական սահմանը արևմուտքից՝ առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք ստիպված ենք ամրացնել պետական սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,-ասել է Լուկաշենկոն:
Նա դիմել է Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ կոչ անելով կանգնեցնել իրենց քաղաքական գործիչները և թույլ չտալ թեժ պատերազմ սանձազերծել:
«Ես չեմ ուզում, որ Բելառուսը և նույն Լեհաստանը, Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ չեն լուծվելու մեր հարցերը: Հետևաբար, այսօր ես ուզում եմ դիմել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին. կանգնեցրեք ձեր խենթ քաղաքական գործիչներին, մի թողեք պատերազմ սանձազերծվի»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հետ միասին պատրաստվում է կառուցել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը:
Աղբյուր՝ currenttime.tv