ՆորություններՍպորտ

Խելահեղ քամբեք ու շոուն շարունակվում է․ Արարատ-Արմենիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ֆոլա Էշին ու դուրս եկավ հաջորդ փուլ

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» Երևանում հյուրընկալել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ» ակումբին։

Հանդիպումը լավ սկսվեց Դավիդ Կամպանյայի թիմի համար։ Մեկնարկային րոպեների առավելությունը տանտերերը կարողացան գոլի վերածել։ Հանդիպման 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ջեյսոն Մարտինեսը առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ Երկու րոպե անց «Ֆոլա Էշը» կարողացավ վերականգնել հանդիպման հավասարությունը։ Աչքի ընկավ Դիոգո Պիմենտելը։ 1-1 հաշվի ժամանակ անհավանական վրիպում թույլ տվեց Յուսուֆ Օտուբանջոն։

Հանդիպման ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցավ առաջին կեսի վերջում տեղի ունեցած մի դրվագ։ Երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ալեքս Ժունիորը։ «Արարատ-Արմենիան» մնաց 10 ֆուտբոլիստներով։

Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Երևանյան թիմի դարպասին նշանակվեց բավականին կասկածելի 11-մետրանոց։ Այն անվրեպ իրացրեց Ստեֆանո Բենսին։ Ընդունած գոլից հետո մերոնք ունեին հանդիպման հաշիվը դարձյալ հավասարեցնելու հնարավորություն։ Նպաստավոր դիրքից վրիպեց Ջեյսոն Մարտինեսը։ Մինչև հանդիպման ավարտը Դավիդ Կամպանյայի սաները հյուրերի ներկայացուցիչներին ուրախանալու ևս մեկ առիթ տվեցին։ 81-րդ րոպեին «Ֆոլա Էշը» 3-րդ գնդակն ուղարկեց Ստեֆան Չուպիչի պաշտպանած դարպասը։ Աչքի ընկավ Մարվին Հաջին։ Սակայն ամեն ինչ դեռ նոր էր սկսվելու։

Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին Մայսոն Լիման կրճատեց հաշվի տարբերությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Երկու րոպե անց մեր օգտին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց ու նորից դիպուկ էր Մայսոն Լիման՝ 3-3։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ թե՛ առաջին, թե՛ երկրորդ կեսերի ընթացքում մերոնք ունեին գոլային պահեր։ 114-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» վերջապես կարողացավ խփել այդքան սպասված գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Վակուլենկոն։ «Արարատ-Արմենիան» հաղթեց 4-3 հաշվով ու դուրս եկավ ԵԼ որակավորման 3-րդ փուլ։ Մերոնց հաջորդ մրցակիցը «Ցելիե» ակումբն է Սլովենիայից։ Հանդիպման գոլերը՝ ստորև։

armsport.am

Back to top button