«ՍԴ դատավորների ընտրությունը խնդրի լուծման անհաջող տարբերակ է, խնդիրը չստացավ այն լուծումը, որ ակնկալվում էր». Բորիս Նավասարդյան

ՍԴ դատավորների ընտրության թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
Նրա խոսքերով՝ ՍԴ դատավորների ընտրությունը առաջին հերթին խնդրի լուծման անհաջող տարբերակ է:
«Երբ 2 տարի առաջ առաջացավ ՍԴ ճգնաժամը, հիմնական խնդիրը տեսնում էին նրանում, որ ՍԴ-ն ղեկավարում է Հրայր Թովմասյանը, ում նշանակման ընթացակարգի և կուսակցական պատկանելիության հետ կային էական և շատ լուրջ հարցեր:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ առաջարկություն եղավ Սահմանադրական դատարանը ուսաթափել՝ անվստահություն հայտնել Հրայր Թովմասյանին, և եթե դա տեղի ունենար, միայն մեկ հոգի կփոխվեր այդ կազմում, և կառույցը կշարունակեր աշխատել:
Սակայն այն, ինչ մենք տեսանք ԱԺ-ում, դրանից կարելի է եզրակացնել, որ Հրայր Թովմասյանը մնաց ՍԴ-ում, իսկ փոխվեցին այլ 3 անդամներ, և նրանց փոխարեն այնպիսիններն ընտրվեցին, որոնց հետ կապված հասարակության մոտ կան շատ էական հարցեր և լուրջ կասկածներ:
Անձինք, ովքեր դառնում են ՍԴ դատավորներ, պետք է մեծ վստահություն վայելեն հասարակության կողմից, և եթե դա տեղի չի ունենում, այդ կարևոր կառույցի այս կազմով և այս եղանակով ձևավորված մնալը հոգեբանական և քաղաքական ազդեցություն է թողնելու մնացած բոլոր գործընթացների վրա»,- հայտարարեց Նավասարդյանը:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ և՛ մասնագետները, և՛ քաղաքացիական հանրությունը միաձայն քննադատում են այն գործընթացը, որը տեղի ունեցավ. դա նշանակում է, որ խնդիրը չստացավ այն լուծումը, որ ակնկալվում էր:
Երևանի մամուլի ակումբի նախագահը, անդրադառնալով այն մտավախություններին, որ ՍԴ ընտրված դատավորները կարող են սպասարկել նախկին իշխանության շահերը, հայտարարեց.
«Մտավախություններ կային նաև այն երեք թեկնածուների հետ կապված, ովքեր հեռացան: Այնպես որ, այստեղ մեծ փոփոխություն չեմ տեսնում:
Մեզ համար հավասարապես անընդունելի է՝ նախկին, թե ներկա իշխանությունների կամակատարը լինի Սահմանադրական դատարանը: Այստեղ նույնպես կասկածներ կան. միայն այն հանգամանքը, որ այս 3 նոր դատավորներն ընտրվեցին այս խորհրդարանի կողմից, կարող է նշանակել, որ իրենք հնազանդ կամք կատարողները կլինեն ներկա իշխանությունների, որը ընդունելի չէ դատական իշխանության համար, առավել ևս ՍԴ-ի համար»:
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչպես է ստացվում, որ իշխանության տեսադաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապեր են ունեցել, Նավասարդյանը պատասխանեց.
«Դա վերջին շրջանում կադրային քաղաքականության դրսևորումներից է: Այս իշխանությունները կարծես թե գնում են այն նույն ճանապարհով, ինչպես գնում էին նախորդները. այսինքն՝ աշխատում են հնարավորինս հարմարվող մարդկանց տեղավորել իշխանական կառույցներ: Հարմարվող նշանակում է սեփական կարծիք չունեցող, հրամաններ լսող և կատարող:
Այդ նույն մոտեցումը կարծես թե դրսևորվեց նաև ՍԴ նոր դատավորների ընտրության հարցում: Դատավորների կողմից առաջադրված անձին կարելի է դիտարկել որպես ներկա իշխանությունների հետ կապ չունեցող, ապա մյուս երկուսը առաջադրվել են իշխանական տարբեր կառույցներից՝ կառավարության և նախագահի կողմից:
Ինչ-որ կասկածելի գործընթացներ են տեղի ունենում. կասկածելի հարաբերություններ են կառավարության և Էդգար Շաթիրյանի միջև:
Սա վկայում է այն մասին, որ մենք չենք ունենա անկախ մտածելակերպ, գործելակերպ իրականացնող անձ Սահմանադրական դատարանում»:
Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ իշխանությունները վճռականություն, գիտելիքներ, հմտություններ չդրսևորեցին, որպեսզի կազմաքանդեին այն համակարգը, որը ձևավորվել էր մինչև 2018 թվականը: Հարմարվում են նախկին համակարգին և գնալով ավելի հարմարավետ են զգում այդ համակարգում և այդ հարաբերությունների պայմաններում:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել էին ամիսներ առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։
Անահիտ Չալիկյան