«Փոփոխությունների բարի շղարշի տակ Սահմանադրական դատարանը փոխանցվեց նախկին հանցավոր ռեժիմին». Նինա Կարապետյանց

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավորների թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներին՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին և Էդգար Շաթիրյանին:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ իր համար զարմանալի չէր, որ Դատավորների ընդհանուր ժողովը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն է առաջադրել, որովհետև ում էլ առաջադրեին, նույն բովանդակությամբ անցյալ պիտի ունենար, նույն ոճի մեջ պիտի լիներ:
«Ինձ համար հասկանալի չէր՝ ինչու առաջադրվեց կառավարության կողմից այդպիսի թեկնածու, ինչ-որ չափով զարմացած եմ նաև՝ ինչու նախագահը առաջադրեց թեկնածուին, որովհետև բերված բացատրությունները բոլորովին համոզիչ չէին: Ես չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ են ընտրվել այս անձինք: Կասկած ունեմ, որը վաղուց էր շրջանառվում, և ասում էին, որ, ըստ էության, կար համաձայնություն՝ նախորդ ռեժիմի հետ, և սա պայմանավորվածությունների մի մասը կարող է լինել: Ես այլևս չեմ բացառում նաև այդ տարբերակը, թեև նախկինում ինքս չեմ կիսել այդ կարծիքը»:
«Դատավորը պետք է լինի կիրթ, պետք է լինի նախկինում չարատավորված, այդ բարձրագույն պաշտոնին բոլոր առումներով արժանի: Պատահական չէ, որ ՍԴ դատավորի համար նախատեսված են մի փոքր այլ չափորոշիչներ: Եթե ասում են, որ Հայաստանում չկան այդպիսի մարդիկ, ես պնդում եմ, որ սխալ տեղ են փնտրում: Եթե մենք Հայաստանում չենք կարող գտնել մի քանի հոգի, որոնց կարելի է վստահել ՍԴ-ն, դա նշանակում է, որ մենք կարող ենք այսօրվանից խաչ քաշել մեր ապագայի, անվտանգության և ամեն ինչի վրա: Ես կարծում եմ, որ այս գործողություններով փոփոխությունների բարի շղարշի տակ Սահմանադրական դատարանը փոխանցվեց նախկին հանցավոր ռեժիմին»,- հայտարարեց իրավապաշտպանը:
Կարապետյանցի կարծիքով՝ քանի որ բովանդակային առումով որևէ փոփոխություն տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ սա պատրանք էր, որով հեղափոխությունից հետո հասարակությանը անհրաժեշտ էր կերակրել՝ ցույց տալու համար, որ փոփոխություններ են տեղի ունենում:
«Ես նախկինում էլ եմ ասել, որ մեծ վերապահումներ ունեմ ՍԴ նախկին կազմի հետ, նրանց պատվեր կատարելու, հանցավոր ռեժիմին ծառայելու հետ, բայց իրենց գիտելիքների հետ կապված երբևէ կասկածի տակ չեմ դրել նրանց պրոֆեսիոնալիզմը: Այսօր էլ պնդում եմ, որ նախկինները մասնագիտական առումով ավելի պրոֆեսիոնալ էին, և այդպիսի փոփոխությունը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- շարունակեց Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանը չի կիսում այն տեսակետը, թե ՍԴ նոր կազմով ծառայելու են այս իշխանությանը:
«Այն մարդիկ, ովքեր տասնամյակով ծառայել են հանցավոր ռեժիմին, իրենք շարունակելու են հենց այդ նույն տերերին ծառայել՝ առանց որևէ փոփոխությունների:
Բացարձակ ակնկալիք չպետք է ունենալ ՍԴ կառույցից: Ես կարծում եմ, որ բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի տարբեր աղմկահարույց գործերով իրենք շարունակեն ապահովել նախկին հանցավոր ռեժիմի անվտանգությունը և տարբեր շահերի իրականացումը: Օրինակ՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, գուցե Սերժ Սարգսյանի հետ կապված լսումներ լինեն, և այդ լսումների արդյունքում իրենց շահերը ներկայացնեն (բոլոր հիմքերը կան ենթադրելու):
Նինա Կարապետյանցն ընդգծեց, որ նախկին հանցավոր ռեժիմը բարոյալքեց և լավագույն նպատակների համար ստեղծված կարևորագույն կառույցները բարոյազրկեց, նույնը արեց նաև ՍԴ-ի հետ:
«ՍԴ-ին ներքաշեցին խաղերի մեջ, որի արդյունքում դարձավ խամաճիկային և իրենից ոչինչ չներկայացնող: Բայց այնինչ Սահմանադրական դատարանը բացառիկ կարևորություն ունեցող կառույց է, և կարծում եմ, որ երկիրը պիտի ունենա ՍԴ և պետք է լիներ մարդու իրավունքների երաշխավորը»,- նշեց նա:
Իրավապաշտպանի կարծիքով՝ ՍԴ-ն չի ծառայում օրվա իշխանությանը. ՍԴ-ն ապրում է ինքնուրույն կյանքով և ծառայում է նախորդ հանցավոր ռեժիմին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել էին ամիսներ առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։
Անահիտ Չալիկյան