Նորություններ

ՀՔԱՎ-ի աջակցությամբ առողջական խնդիրներով զորակոչիկը զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել

Վանաձորցի 25-ամյա Է. Շ.-ից 1 տարուց ավելի ժամանակ ու նյարդեր պահանջվեցին՝ առողջական խնդիրների առկայությունն ապացուցելու ու զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու համար:

Է.Շ.-ը, որ ենթակա է եղել զորակոչի 2013 թ.-ին, ուսման նպատակով 2 անգամ տարկետում է ստացել մինչև 2019 թվականը:

2019 թ.-ի մայիսի 20-ին նա բուժզննություն է անցնում «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ ախտորոշվում է «Մակերեսային անտրալ գաստրիտ: Խրոնիկ էնտերոկոլիտ, բարակ աղու մոտոր-էվակուատոր ֆունկցիայի չափավոր արագացումով, հաստ աղու մոտոր-էվակուատոր ֆունկցիայի չափավոր դանդաղումով, դոլիխոսգիմա: Աննշան հիպերբիլիռուբինեմիա»:

2019 թ.-ի հուլիսի 23-ին Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ), անտեսելով վերոնշյալ ԲԿ-ի եզրակացությունը, տվել է բոլորովին այլ՝ «Դոլիխոսգիմա, հաստ աղու մոտոր-էվակուատոր ֆունկցիայի դանդաղումով 72 ժամ անց, 96 ժամ անց աղիքը դատարկված: Չափավոր արտահայտված նեյրոցիրկուլյար դիստոնիա» ախտորոշումը, որով էլ Է.Շ.-ին ճանաչել պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով՝ համաձայն Կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի 404-Ն որոշման 30-րդ հոդվածի «գ» և 28-րդ հոդվածի «բ» կետերի:

Մինչ այդ՝ 2019 թ.-ի հուլիսի 4-ին, Է. Շ.-ն անցնում է նաև սրտի հետ կապված հետազոտություն՝ «Լրացուցիչ խորդա ձախ փորոքի խոռոչում: Սինուսային ռիթմ՝ սինուսային հաճախասրտության հակումով և 120-135զ/ր հաճախականությունից 50-55 զ/ր հաճախականության անցման դրվագներով (միջին ՍԶՀ-107զ/ր): PQ ինտերվալի անցողիկ կարճացում (PQ=100-156 մվ): Հիսի խրձի ձախ ոտիկի առաջնային ճյուղի մասնակի պաշարում» ախտորոշմամբ, որը բոլորովին տարբերվում է 2019 թ.-ի հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ_ի խորհրդականի միջնորդությամբ ԿԲՀ-ի կրկնակի փորձաքննության «Չափավոր արտահայտված նեյրոցիրկուլյար դիստոնիա, սրտային ձև» ախտորոշումից: Այդուհանդերձ Է.Շ.-ը դարձյալ ճանաչվում է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով՝ այս անգամ Կառավարության վերոհիշյալ որոշման 28-րդ հոդվածի «բ» կետի համաձայն:

Համաձայն չլինելով փորձաքննությունների՝ միմյանց հակասող արդյունքների հետ՝ Է. Շ.-ը հրաժարվում է զորակոչվելուց: Արդյունքում՝ նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ զինծառայությունից խուսափելու հիմքով:

Իրավական աջակցության նպատակով Է. Շ.-ը դիմում է ՀՔԱՎ գրասենյակ: Գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը ՀՀ զինկոմիսարին և ՊՆ-ին ուղղված գրություններով փորձում է պարզել՝ ինչով է պայմանավորված զորակոչիկի առողջական խնդիրների անտեսումն ու այդ վիճակով զորակոչելը: Ի պատասխան՝ զինկոմիսարիատից տեղեկացնում են, որ զորակոչիկին սահմանափակումով զորակոչելը լիովին Կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի թիվ 404-Ն որոշման 30-րդ հոդվածի «գ» և 28-րդ հոդվածի «բ» կետերի շրջանակներում է, ՊՆ-ից էլ ոչ միայն հաստատում են այս ամենը, այլև իրազեկում, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ զինծառայությունից խուսափելու համար:

Հայկ Հակոբյանը վերադասության կարգով բողոք է ներկայացնում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին՝ 2019թ.-ի հուլիսի 23-ի և 29-ի ԿԲՀ որոշումները վերացնելու և Է. Շ.-ին զինծառայությունից ազատելու մասին որոշում կայացնելու պահանջով:

Իր բողոքում նա մանրամասն անդրադառնում է բոլոր այն կառույցներին, որոնցով անցել է զորակոչիկը՝ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ու չի հասել արդյունքի:

Վերադաս գերատեսչության ղեկավարի ուշադրությունը փաստաբանը հրավիրում է հատկապես այն հանգամանքին, որ Է. Շ.-ի խնդիրն, ի սկզբանե, հետևանք է ԿԲՀ-ի կողմից ոչ պատշաճ բուժզննության՝ ինչի պատճառով, զորակոչիկը ստիպված է եղել տևական ժամանակ բազմաթիվ բուժզննություններ անցնել և գումար ծախսել:

Փաստաբանի դիտարկմամբ՝ ԿԲՀ-ը 2019 թ.-ի հուլիսի 23-ի եզրակացության մեջ անհիմն կերպով հաշվի չի առել Է. Շ.-ի՝ մայիսի 20-ի հետազոտության որոշ կարևոր ախտորոշումներ, ինչպես նաև հաստ աղիքին վերաբերող խնդիրները: Մասնավորապես, չեն իրականացվել Է. Շ.-ի առողջական վիճակի օբյեկտիվ ու համալիր հետազոտություններ, որոնց ընթացքում էլ ի հայտ կգային այդ խնդիրները: Ըստ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի՝ զորակոչիկը պիտի փորձաքննվեր ոչ թե Կառավարության թիվ 404-Ն որոշման 30-րդ հոդվածի «գ», այլ «բ» կետով, որի հիման վրա էլ կազատվեր զինծառայությունից: Այսպես՝ 2019 թ.-ի մայիսի 20-ի հետազոտությամբ Է. Շ.-ին տրվել է մի ախտորոշում, մինչդեռ 2019 թ.-ի հուլիսի 23-ի բուժզննության եզրակացության մեջ տեղ չեն գտել նրա առողջական վիճակն արտացոլող ամբողջական տվյալներ: Այսինքն՝ 2 բուժզննությունների ախտորոշումները միմյանցից էապես տարբերվում են, ինչն անտեսվել է ԿԲՀ-ի եզրակացության մեջ: Ստացվում է, որ Հանձնաժողովի՝ հուլիսի 23-ի եզրակացությունը թերի է և չի ներառում Է. Շ.-ի՝ ավելի վաղ հաստատված բոլոր ախտորոշումները: Պակաս էական չէ նաև այն հանգամանքը, որ ըստ մայիսի 20-ի բուժզնության, Է. Շ.-ի մոտ արձանագրվել է հաստ ու բարակ աղիների պաթոլոգիաներ, ինչի դեպքում իրապես ԿԲՀ-ը նրան պետք է փորձաքններ, ոչ թե վերոհիշյալ որոշման 30-րդ հոդվածի «գ», այլ «բ» կետով, որում ներառված են մի շարք օրգանների, այդ թվում և՝ աղիների հիվանդություններն ու անոմալիաները: «Բ» կետին են վերաբերում մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդությունները, իսկ «գ» կետը ներառում է որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները:

Այս պարագայում առնվազն տարօրինակ է ԿԲՀ-ի կողմից Է. Շ.-ին ոչ թե «բ», այլ «գ» կետով փորձաքննելն ու զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելը: Փաստորեն, ԿԲՀ-ը, փոխանակ Է. Շ.-ի գործին առնչվող բոլոր փաստերը համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու և բացահայտելու, որոշում կայացնելիս, հաշվի է առել միայն զորակոչիկի համար ոչ բարենպաստ հանգամանքները:

Ինչ վերաբերում է հուլիսի 29-ի բուժզննության եզրակացության վերացման պահանջին, ուշագրավ է, որ ԿԲՀ-ի հուլիսի 4-ի ակտով Է. Շ.-ին խորհուրդ է տրվել անցնել նյարդաբանի խորհրդատվություն՝ մինչդեռ նա որևէ նյարդաբանական հետազոտություն չի անցել: Սա ևս մեկ անգամ պնդում է կարծիքը, որ ԿԲՀ-ի իրականացրած հետազոտությունները թերի են և չեն ներկայացնում Է. Շ.-ի առողջական վիճակի իրական պատկերը: Հուլիսի 29-ի բուժզննության եզրակացության ոչ իրավաչափության մասին է խոսում նաև այն փաստը, որ հուլիսի 4-ին Սրտաբանության ԳՀԻ-ում անցած հետազոտության համաձայն՝ նրա մոտ առկա է եղել «խիստ արտահայտված սինուսային հաճախասրտություն»: Այդ վիճակով նա հուլիսի 29-ին ներկայացել է ԿԲՀ-ի նիստի, ուր տրվել է բոլորովին այլ՝ «չափավոր արտահայտված նեյրոցիրկուլյար դիստոնիա, սրտային ձև» ախտորոշում: Այս ախտորոշմամբ էլ Է. Շ.-ը Կառավարության որոշման 28-րդ հոդվածի «բ» կետի հիման վրա ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով, մինչդեռ, ըստ փաստաբան Հակոբյանի, նա պետք է փորձաքննվեր այդ հոդվածի «ա» կետով, որը վերաբերում է սրտային հիվանդություններին:

Թերևս, այս մասին է վկայում նաև ՀՀ ՊՆ խորհրդականի միջնորդությունը Լոռու մարզի զինկոմիսարին՝ փորձաքննության ենթարկել Է. Շ.-ին՝ այդ որոշման 28-րդ հոդվածի «ա» կետով, ինչը, սակայն, ԿԲՀ-ն այդպես էլ չի իրականացրել:

Այն, որ Է. Շ.-ը ենթակա է ազատման զինծառայությունից, փաստաբան Հակոբյանը վերստին պնդել է իր բողոքի եզրափակիչ մասում՝ մեջբերելով Կառավարության 2018թ.-ի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման 44 կետը, որով հայտարարված զորակոչին առողջական վիճակի պատճառով ԿԲՀ-ի կողմից 1-ին անգամ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված և զորակոչի ընթացքում 24 տարին լրացած զորակոչիկները (բացառությամբ՝ ասպիրանտուրա ավարտածները) ազատվում են զինծառայությունից և ենթակա են հաշվառման ՀՀ ԶՈւ-ի պահեստազորում:

Ստացվում է, որ ԿԲՀ-ը, խախտելով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, դրսևորել է ոչ պատշաճ վարչարարություն: 2019 թ.-ի զորակոչի ընթացքում լրացել է Է. Շ.-ի 24 տարին, բայց նա, մինչ այդ եղած զորակոչերի ընթացքում չի ճանաչվել ոչ պիտանի զինծառայությանը՝ առողջական վիճակի պատճառով, մինչդեռ այդպես պիտի լիներ՝ թիվ 404 _Ն որոշման 30-րդ հոդվածի «բ» կետով փորձաքննվելու դեպքում:

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, Կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի թիվ 405_Ն որոշման 21-րդ կետով, հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը ՀՀ ՊՆ-ից խնդրել է վերացնել Է.Շ.-ին սահմանափակումով զինծառայությանը պիտանի ճանաչելու ԿԲՀ-ի 2019 թ.-ի հուլիսի 23-ի և 29-ի որոշումներն ու ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ նրան պարտադիր զինծառայությունից ազատելու մասին: Նշենք, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից 2019 թ.-ի հոկտեմբերին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցում, ապա և «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նշանակված դատաբժշկական փորձաքննություններով հաստատվել են մայիսի 20-ի ախտորոշումները՝ աղեստամոքսային, սրտի և տեսողական խնդիրների հետ: Փորձաքննությանը չի հաջողվել պարզել այդ խնդիրների ծագման վաղեմությունը:

ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանի խոսքով՝ «շատ հաճախ զորակոչիկն իր իրավունքները վերականգնելու նպատակով ստիպված է լինում կորցնել բավական ժամանակ: Խախտված իրավունքի վերականգնման զորակոչիկը հասնում է միայն իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում արված դատաբժշկական փորձաքննության արդյունքում, ինչը հոգնեցուցիչ ու ժամանակատար է»։

2020 թվականին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ Է.Շ.-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի՝ զինվորական ծառայության համար:

 

Back to top button
Close