ՆորություններՏնտեսական

«Ներկայումս Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը մտահոգիչ է, և Հայաստանը ևս չի կարող զերծ մնալ ճգնաժամային երևույթներից». տնտեսագետ

«Արտաքին պարտքի ավելացումը վտանգավոր երևույթ չէ, միշտ էլ միջազգային կազմակերպությունները տրամադրում են դրամական միջոցներ սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու համար: Խնդիրն այն է, թե այդ փոխառվող միջոցները ինչ ուղղություններով են օգտագործվում տնտեսության մեջ և արդյոք առաջացնում են սիներգիկ էֆեկտ, և սիներգիկ էֆեկտների առկայության դեպքում այդ փոխառված դրամական միջոցները հնարավոր է հեշտությամբ հետ վերադարձնել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը:

Տնտեսագետի խոսքերով՝ ներկայումս Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը մտահոգիչ է. սպառման շոկ է նկատվում, մարդիկ սահմանափակում են իրենց գնումները, և դա շղթայական ռեակցիա է առաջացնում:

«Իրավիճակն այնպիսին է, որ կան որոշակի սահմանափակումներ, և գլոբալ տնտեսությունը նույնպես ազդեցություն է ունենում ցանկացած ազգային տնտեսության վրա:

Հայաստանում ընդհանուր առմամբ տեսնում ենք մանրածախ առևտրի նվազման միտում, ընդ որում՝ երկնիշ անկում: Այսինքն՝ այս ամենը շղթայական ազդեցություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի վրա: Այնպես որ, Հայաստանը ևս չի կարող զերծ մնալ ճգնաժամային երևույթներից՝ հատկապես այն պարագայում, երբ որոշ ոլորտներում սահմանափակումներ են գործում, արտահանման հետ կապված խնդիրներ կան:

Տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, որովհետև մենք չգիտենք, թե այս անորոշությունները երբ կվերջանան կամ կնվազեն. ինչպես առողջապահության տեսանկյունից է իրավիճակն անորոշ, այնպես էլ տնտեսական: Խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ. մի մասը կապված է մեզնից, մյուս մասը՝ արտաքին և ներքին ազդեցություններից: Համենայնդեպս ինչ-որ ծրագրեր իրականացվում են՝ կապված սոցիալ-տնտեսական ոլորտի դժվարությունները հաղթահարելուն ուղղված, բայց թե ինչքանով արդյունավետ կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց Վարդանյանը:

«Ճգնաժամային իրավիճակներից դուրս են գալիս երկու ակտիվ մշակված քաղաքականության միջոցով՝ ակտիվ ինովացիոն (ՏՏ ոլորտ) և սոցիալական քաղաքականություն: Այսինքն՝ այս 2 քաղաքականությունների համադրմամբ հնարավորություն է լինում նվազագույն կորուստներով կամ մեղմելով այդ կորուստները՝ դուրս գալ ճգնաժամից:

Ինովացիոն ակտիվ քաղաքականության մասով խնդիրներ ունենք, քանի որ ազգային ինովացիոն համակարգը ձևավորված չէ, և մենք ինովացիոն տնտեսություն չունենք: Ինչ վերաբերում է սոցիալական ակտիվ քաղաքականությանը, այստեղ որոշակի սահմանափակումներ կան՝ կապված հանրապետության առկա սահմանափակ ռեսուրսների հետ:

Գիտենք, որ հարկային եկամուտները նվազել են՝ կապված տնտեսական ակտիվության նվազման հետ, և բնականաբար պետությունը ավելի քիչ հնարավորություններ ունի ակտիվ սոցիալական քաղաքականություն իրականացնելու համար:

Չնայած որոշ գործունեության տեսակներին՝ կառավարությունը հատկացրել է որոշ չափով փոխհատուցում, բայց դա աջակցության այն կրիտիկական զանգվածը չէ, որը կարող է էական նշանակություն ունենալ ճգնաժամային դրսևորումները հաջողությամբ հաղթահարելու համար»,- եզրափակեց Գագիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օրերս ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը 2020 թ․ 7 ամիսների ընթացքում ավելացել է 618․2 մլն դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարին:

 Անահիտ Չալիկյան

Back to top button
Close