Նորություններ

«Հանդիպել եմ տասնյակ դիմորդների հետ, իսկ այն խումբը որոշ շրջանակների «զոհ» դարձավ». ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքները:

«Հիմնական բարեփոխումները հիմնականում տեղի են ունենում հանրակրթության ուղղությամբ: Անցած տարվանից մեկնարկած հանրակրթական պետական չափորոշիչները դրվել են քննարկման: Որոշման նախագիծը մոտ ժամանակներս կընդունվի, ներկայումս տեղի է ունենում առարկայական չափորոշիչների քննարկում, որը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչները նման բաց քննարկման չեն դրվել»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքերով՝ e draft համակարգում նախագիծը ամենաքննարկվողն է, քննարկումներում ներգրավված են եղել շուրջ 6000 ուսուցիչ, և ակադեմիական շրջանակներից ստացվել են տարբեր առաջարկներ:

«Այն, որ ներկայացնում են, թե ակադեմիական շրջանակները չեն մասնակցում քննարկումներին, հերթական ապատեղեկատվություն է, որոշ փոքր խմբի պետք չէ վերագրել ամբողջ ակադեմիական շրջանակի կարծիքը:

Ընթացքի մեջ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ռազմավարության մշակման աշխատանքները, հաջորդ ամսվանից քննարկման կդրվեն դրանցից մի քանիսը:

Անցած տարի ընդունվել է «նախադպրոցական կրթության մասին» օրենքը, որը ամբողջությամբ փոխվել է:

«Հանրակրթության մասին» օրենքում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք եղել են խորքային բնույթի և դրանք արտացոլվել են կառավարության որոշումներում և նախարարի հրամաններում»,- հայտարարեց Հարությունյանը:

Հարցադրմանը, թե արդյոք կա՞ն հիմքեր, որ իր հետագա պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը, և ինչո՞ւ չի հանդիպել բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների հետ, նախարարը պատասխանեց.

«Եթե նման հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների հետ, որ իրականացվում են, և որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որը այլևս իրենց հենքը և հիմքը չի հանդիսանալու: Լինելու է քննադատող-վերլուծող սերունդ: Վերլուծելու է այդ շրջանակների գործունեությունը և որոշում կկայացնի, որ երբևէ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու:

Տարբեր շղարշների, կեղծ արժեքների պայքար իրականացնող շրջանակները այլևս զրկվելու են մեր հասարակության աջակցությունից:

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպմանը, դուք հրապարակայնորեն տեսել եք, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ: Երբ խմբերը իրենց օրակարգում դնում են այդպիսի ծայրահեղ կետեր, ինչպիսին, օրինակ, հրաժարականի պահանջն է, ես դա անիմաստ եմ համարում քննարկել, որովհետև դա իրենց պայքարի և օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարցը չէ:

Իմ օրակարգի հարցը կրթության ոլորտի բարեփոխումն է և այդ ոլորտում նորություններ բերելն է»,- ընդգծեց Հարությունյանը:

Նախարարը շեշտեց, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո 2-3 օր հանդիպել է տասնյակ դիմորդների հետ, իսկ այն խումբը որոշ շրջանակների «զոհ» դարձավ. ինքը չի պատրաստվում նրանց հետ հանդիպել:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close